«Ցանկացած հավասարակշռված, չեզոք մարդ ձեռնտու է Հայաստանին»

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանի առաջին օրը փոփոխության կենթարկվի վեհաժողովի կանոնակարգը` աննախադեպ կերպով նախատեսելով հատուկ դրույթ Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ:

Կոռուպցիոն աղմկահարույց սկանդալներում ներգրավված, սուր ադրբեջանամետ և ռուսամետ դիրքորոշում ունեցող Ագրամունտին իմպիչմենտի ենթարկելու որոշումը ԵԽ ԽՎ-ում հասունացել էր վաղուց, սակայն այն հասավ իր գագաթնակետին այն բանից հետո, երբ Ագրամունտը ռուսական պատվիրակության հետ մեկնեց Սիրիա։ Ագրամունտն իր ելույթում ընդունել էր, որ այցն իր կողմից թույլ տրված սխալ էր՝ խոստանալով հրաժարական տալ, սակայն ապրիլի 28-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպմանն անվստահություն էր հայտնել ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, ով այդ նիստի ընթացքում պետք է հայտարարեր իր հրաժարականի մասին։ Սակայն մինչ հունիս Ագրամունտը հնարավորություն ունի հրաժարականի դիմել, որի դեպքում շրջանառության մեջ դրված նախագիծն ուժի մեջ չի մտնի, կամ Ագրամունտը խայտառակ կերպով չի ենթարկվի իմպիչմենտի։

Ագրամունտի հեռացման դեպքում ԵԺԿ-ն պետք է նախագահի նոր թեկնածու առաջադրի, քանի որ մինչև տարեվերջ ԵԺԿ-ին է պատկանում ԵԽ ԽՎ նախագահությունը։ Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ ղեկավարն ընտրվում է 2 տարի ժամկետով: Թեկնածուներին, ըստ հերթականության, ներկայացնում են ԵԽ ԽՎ 5 հիմնական կուսակցությունները՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, Սոցիալիստական խմբակցությունը, Եվրոպայի դեմոկրատների խմբակցությունը, Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը ու Եվրոպայի միացյալ ձախերի խմբակցությունը:

ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է ԵԽ ԽՎ-ն այնպիսի իրավիճակում հայտնվել, երբ պարզվում է, որ ԵԽ ԽՎ նախագահը չի իրականացնում պատշաճ կերպով իր լիազորությունները, և Եվրախորհուրդը հնարավորություն չունի նրան պաշտոնից հեռացնել։

«Այդպիսի իրավիճակ ես չեմ հիշում 1996 թ.: Երևի թե սա կդառնա նախադեպ և կպահանջի, որպեսզի այդպիսի կետ լինի կանոնակարգում։ Նույնիսկ Բյուրոյի որոշման դեպքում ցույց է տալիս, որ հրաժարական չի տալիս, չնայած նրան արդեն արգելել են իրականացնել գործունեություն ԵԽ ԽՎ անունից։ Կանոնակարգում ամեն դեպքում պետք է փոփոխություն լինի, համաձայն որի՝ մեծամասնությամբ պաշտոնից հնարավոր լինի հեռացնել նախագահին»,- ասաց Իգիթյանը։

ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարն ասաց, որ առայժմ պարզ չէ, թե ինչ թեկնածուներ են լինելու այդ պաշտոնի համար առաջադրված, որովհետև ԵԽ ԽՎ նախագահի հարցը սովորաբար որոշում են մեծամասնություն ունեցող խմբակցությունները, բոլոր դեպքերում կան բալանսավորված որոշումներ, եղել են այն ժամանակ, թե որ երկրի թեկնածուն ռոտացիոն սկզբունքով կստանձնի այդ պաշտոնը։ «Առայժմ մեկ անուն է այս կամ այն կերպով հնչել. դա ԵԽ ԽՎ նախագահի տեղակալն է, ով շատ ակտիվ էր Ագրամունտի հեռացման հարցում, դա ուկրաինացի Գեորգի Լոգվինսկին էր։ Նա շատ ակտիվ էր, Ալիևը, Լեհաստանի, Դանիայի պատգամավորները սկզբունքային դիրքորոշում ունեին, բայց բոլոր դեպքերում նախագահը պետք է ընտրվի այն ակտիվ պատգամավորների քանակից, որոնք հայտնի են և որոնք միշտ, թե՛ որպես զեկուցող, թե՛ որպես ելույթներ ունեցողներ ակտիվ են և հայտնի են ԵԽ ԽՎ-ին»,- ասաց Իգիթյանը։ Նրա փոխանցմամբ, այս դեպքում ևս պետք է ԵԽ ԽՎ նախագահն ընտրվի քվեարկությամբ։ Ըստ նրա՝ հարցը սկզբում քննարկվում է քաղաքական խմբակցություններում, նրանք համագործակցում են մեկը մյուսի հետ, սովորաբար այդ հարցը լուծված է լինում կուլուարային աշխատանքներում, եթե համաձայնության են գալիս, քվեարկությունը սիմվոլիկ բնույթ է կրում, չնայած չի բացառվում, որ միշտ էլ ինչ-որ մի սկանդալ դուրս գա։

Իգիթյանի խոսքով, այդ պաշտոնում ցանկացած հավասարակշռված, չեզոք մարդ ձեռնտու է Հայաստանին, քանի որ պարզ է՝ քաղաքակիրթ մարդու վրա Ադրբեջանի նվերները և, որոշ դեպքերում՝ կաշառքը, չեն ազդի և փոխի իր ընդհանուր տեսակետները մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ։ Սակայն, ըստ նրա, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հեղինակության, նախագահի հետ հարաբերությունների հարցում կարևոր է, ի վերջո, պատվիրակության որակը և ակտիվությունը։

«Չգիտեմ՝ նոր խորհրդարանը որտեղից պետք է հայթայթի թե հարցին տիրապետող, թե համապատասխան կրթություն և լեզվի իմացություն ունեցող պատգամավորներ, ինչը չափազանց կարևոր է, քանի որ, ի վերջո, պատվիրակությունը գնում է մի տեղ, որտեղ եվրոպացիներն են, երկու լեզու են կիրառում՝ անգլերեն, ֆրանսերեն, պետք է բոլոր չափանիշերով համապատասխանեն եվրոպական քաղաքակիրթ ժողովրդավարական ընտանիքի անդամի չափանիշերին, բայց վերջին ռեյտինգային պատգամավորներն այդպիսի հույս չեն ներշնչում»,- նկատեց Իգիթյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽ ԽՎ նախագահի քվոտան ներկայումս պատկանում է ԵԺԿ-ին, ԵԺԿ-ն նախագահի պաշտոնի համար կառաջադրի իր փոխնախագահներին, որոնք թվով վեցն են։ Ընտրության վերջնական փուլ, ինչպես Լոգվինսկին էր տեղեկացրել, դուրս են եկել երկու թեկնածուներ՝ ինքը և Աքսել Ֆիշերը։ Սակայն Լոգվինսկին որոշում է կայացրել հանել իր թեկնածությունը գերմանացի ԵԺԿ պատգամավոր, Հայաստանի հարցով նախկին զեկուցող, ներկայումս՝ Ուկրաինայի հարցով զեկուցող Ֆիշերի օգտին, հույս հայտնելով, որ այդ սխեմայով իրենց կհաջողվի հասնել լուրջ արդյունքների։

«168 Ժամի» հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում, որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ՝ շփումներ ունեցել է գերմանացի խորհրդարանական Ֆիշերի հետ, անդրադառնալով նրա թեկնածությանը, ասաց, որ ԵԽ ԽՎ նախագահի ցանկացած թեկնածուի զգայունակությունը Հայաստանի և հայաստանյան խնդիրների նկատմամբ պայմանավորված է լինելու նրանով, թե որքան ակտիվ է հայկական պատգամավորական կորպուսը միջազգային կառույցում։

Ըստ նրա՝ աշխարհն այնպիսին է, որ որևէ մեկը որևէ մեկի համար հենց այնպես ոչինչ չի անում, և այնպես չէ, որ որևէ մեկին պետք է համարել Հայաստանի հանդեպ մեծ սեր ունեցող, բայց վստահաբար կարող ենք մի բան ասել, որ, եթե հայկական պատվիրակությունն ինքը շատ ճիշտ դնի Հայաստանի շահերի խնդիրը, շատ ակտիվ ու զգայուն լինի այլ երկրների համար կենսական խնդիրների հարցում, կունենա աջակցություն։

«Չեմ կարծում, որ Ագրամունտը վաճառված և համոզված հակահայ էր, նա մեկն էր, որի հետ մենք վատ աշխատեցինք կամ էլ չցանկացանք նրա համար զսպող մեխանիզմներ ստեղծել, որ նա գոնե հայկական հարցերով չանի այն, ինչ արեց։ Ադրբեջանական պատվիրակությունը շարունակելու է անել այն, ինչ ավանդաբար. փորձելու է լոբբինգ անել, մարդ գնել, քվեարկություն, քվեներ գնել, այլ հարց է, թե հայկական պատվիրակությունն ի հակակշիռ դրա՝ ինչ է անելու կամ դա ինչպես է կանխելու, բացահայտելու, օգտագործելու, արշավի վերածելու, ինչպես ուկրաինական պատվիրակությունն արեց Ագրամունտի դեպքում։

Ֆիշերին անձնապես ծանոթ եմ, լավ տպավորություններ ունեմ, մարդկանց հետ պետք է աշխատել»,- ասաց Սաֆարյանը։ Նրա համոզմամբ՝ Ֆիշերն ու Ագրամունտը տարբեր գործիչներ են։ Նրա գնահատմամբ՝ Ֆիշերը շատ ավելի պարկեշտ քաղաքական գործիչ է։ «Կուզենայի՝ նրա հետ աշխատանքները ճիշտ տարվեին»,- նկատեց Սաֆարյանը։ «168 Ժամը» փորձեց թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ նաև ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից, որոնք դեռ անհասանելի են։ Թեմայի շուրջ նրանց կարծիքները կներկայացնենք այլ հրապարակումներում։

Տեսանյութեր

Լրահոս