«Պերմյակովի՝ Ռուսաստանին փոխանցման հարցը ֆորմալ կերպով իրավական դաշտում է». Սերգեյ Մինասյան

«Պերմյակովի ռեզոնանսն այնպիսին է, որ քաղաքական երանգ է ստանում, բայց իրավական դաշտը հնարավորություն է տալիս նրան փոխանցել ՌԴ-ին, ինչպես Հրաչյա Հարությունյանին՝ փոխանցել Հայաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Գյումրիում յոթ հոգանոց ընտանիքին սպանած՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանին փոխանցման հարցին։

Հիշեցնենք, որ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը գրել էր, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը: «Պերմյակովը դատապարտվել է թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան դատարանի կողմից: Ներկայումս քննարկվում է պատիժը կրելու վայրի կազմակերպման հարցը»,- «Ինտերֆաքսին» հայտնել էին Հայաստանի արդարադատության նախարարությունից: ՀՀ ԱՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայաստանյան ԶԼՄ-ների հետ զրույցում ևս այսօր հաստատել է այդ տեղեկությունը, հավելելով, որ քննարկման նախաձեռնությունը եղել է հայկական կողմից, ռուսները դրան չեն մասնակցում։

«Քանի որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի վերաբերյալ վճիռներ էին կայացրել և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ռուսաստանի Դաշնության դատարանները, այս պահին [Հայաստանի] արդարադատության նախարարությունում քննարկվում է Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: Մենք էս քննարկման արդյունքում իրավական հիմքերն ենք ուզում հասկանալ, պատժի կրման կազմակերպման հետ կապված: Նախարարությունն է նախաձեռնել, ներսում է քննարկում, իր աշխատակիցների շրջանակում»,- ասել է նախարարության խոսնակը:

Սերգեյ Մինասյանն ասաց, որ Պերմյակովի գործած հանցագործությունն իսկապես չափազանց մեծ ռեզոնանս ստացավ հասկանալի պատճառներով, և այստեղ բարոյական հարցեր քննարկելը նույնիսկ անիմաստ է, քանի որ ամեն ինչ պարզ է։ Բայց, ըստ նրա, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն այնպիսի իրավապայմանագրային դաշտ, համաձայն որի՝ Հայաստանի և Ռուսաստանի դատապարտյալները հնարավորություն ունեն ֆորմալ կերպով պատիժը կրել Ռուսաստանում կամ Հայաստանում, այսինքն՝ այն երկրում, որի քաղաքացին նրանք հանդիսանում են։

«Նույն տրամաբանության համաձայն՝ Հրաչյա Հարությունյանի գործը կարող ենք դիտարկել։ Եթե մենք պահանջում ենք, որպեսզի նա իր կալանքի ժամկետն անցկացնի Հայաստանում, ապա ֆորմալ կերպով հասկանալի է, որ ռուսական կողմն էլ, որի քաղաքացին հանդիսանում է Պերմյակովը, նույն իրավունքներն ունի, ինչ հայկական կողմն իր քաղաքացու հարցում։ Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա արդեն այստեղ հարցը պետք է ուղղվի քաղաքական ուժերին, որոնք պատասխանատվություն են վերցնում դրա համար՝ արդյո՞ք նպատակահարմար է փոխանցումը, թե՞ ոչ»,- ասաց Մինասյանը։

Հարցին, թե այնուամենայնիվ հնարավո՞ր է «ոչ պաշտոնական փոխանակում» Հրաչյա Հարությունյանի և Վալերի Պերմյակովի միջև, քանի որ երկու հարցերը հայտնվել են տեղեկատվական շրջանառության մեջ զուգահեռաբար, որքանո՞վ են գործերը համարժեք, Մինասյանը պատասխանեց, թե չի կարծում, որ այստեղ համարժեքության հարց կա։

«Հարցն այսպիսին է՝ կամ մենք ընդունում ենք այդ «взаимность»-ի սկզբունքը, կամ չենք ընդունում, քանի որ իրավական առումով ո՛չ մենք, ո՛չ ռուսները չենք կարող դա մերժել, ուստի այստեղ խնդիրը գտնվում է ֆորմալ կերպով իրավական դաշտում, չնայած հասկանալի է, որ երկու դեպքերն էլ, երկու դեպքով տուժած մարդկանց թիվը, հետագայում Հրաչյա Հարությունյանի հետ ինչ ձևով վարվեցին, դա քաղաքական ռեզոնանս էր ստացել, Պերմյակովի դեպքում իմաստ չունի նույնիսկ խոսել, թե ինչ՝ ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական ազդեցություն թողեց, բայց ֆորմալ ձևով իրավական դաշտն այստեղ այնպես է, որ խնդիրներ դիտարկելու հնարավորություն չի տալիս»,- մեկնաբանեց Սերգեյ Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ այն ուժերը, որոնք հակառուսական տրամադրվածություն ունեն Հայաստանում, միայն ու միայն կստանան լրացուցիչ փաստարկ այդ առումով։ Սակայն, ըստ Մինասյանի, այն հանգամանքը, որ ժամկետների առումով կհամընկնեն երկու փոխանցումները, լուրջ բացասական արձագանքներ չեն լինի, ամեն դեպքում Ռուսաստանում ամեն ինչ աննկատ կանցնի։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է ռուսական կողմի համար կարևոր Պերմյակովին վերադարձնելու հարցը՝ այն դեպքում, երբ նույն ռազմաբազայի զինծառայող նախկինում անցկացրել է կալանքը հայաստանյան կալանավայրում, Սերգեյ Մինասյանն արձագանքեց՝ ասելով, որ այդ դեպքից հետո իրավապայմանագրային դաշտը փոփոխվել է, սինքրոնիզացվել է։ «Ուստի այս պահին նաև այդ հնարավորությունը կա, որպեսզի հանձնեն այդ քաղաքացուն։ Իրավական դաշտն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս իրականացնել, պարզապես ռեզոնանսն այնպիսին է, որ քաղաքական երանգ է ստանում ՀՀ-ի ներսում, Սփյուռքում, որոշ ուժերի կողմից նաև քաղաքականացվելու է»,- ասաց Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս