«Հնարավոր պատերազմի դեպքում թուրք-ադրբեջանական միասնություն է լինելու». Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների դինամիկան հիշեցնում է 2014 թվականը, երբ տեղի ունեցավ նմանատիպ զորավարժությունների շարք. «Այժմ էլ, կարծես թե, լարվածության էսկալացիան ավելի շատ այդ դաշտում է գնում։ Իհարկե, միջադեպերը նույնպես լուրջ են, որովհետև նույն 2014թ. էլ դիվերսիաների հաճախակիացում, քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ոտնձգություն կար։ Այժմ էլ Ադրբեջանն, այսպես ասած՝ փորձարկում է լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը։ Իհարկե, դժվար է պնդել, թե նա կգնա այդ քայլին, բայց ի տարբերություն 2016թ.՝ այժմ 2014 թվականի անալոգիայով նա սարսափեցման այդ մոդելն է որդեգրել»։
Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան ակնհայտ ցույց է տալիս, որ Արցախի հարցում սատարում է Ադրբեջանին. «2014 թվականի զորավարժությունների ժամանակ թուրք-ադրբեջանական կողմերը նույնիսկ խոսում էին ՀԱՊԿ 2 ստեղծելու և այլնի մասին, բայց այդ զորավարժություններին մասնակցող Վրաստանը, իր հավասարակշիռ կեցվածքով, չէր թողնում, որ նման ուղղվածություն լինի։ Այժմ մենք ունենք միայն ու միայն Թուրքիային և Ադրբեջանին, որոնք այս անգամ արդեն ավելի բաց տեքստով են խոսում, քան 2014թ. ամռան ընթացքում նախատեսված զորավարժությունների ժամանակ»։
Հետևաբար, ըստ նրա՝ ամբողջ զորավարժությունների մեսիջն այն է, որ հնարավոր պատերազմի դեպքում թուրք-ադրբեջանական միասնություն է լինելու, Թուրքիան սատարելու է Ադրբեջանին։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ սա նաև մեսիջ է ՆԱՏՕ-ին, որովհետև, ըստ նրա՝ նման քաղաքականությամբ Թուրքիան «подстава» է անում ամբողջ ՆԱՏՕ-ին։ «ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են խաղաղ կարգավորման, խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտության մասին, բայց Թուրքիան իր գործողություններով խարխլում է այդ ամենը, ՆԱՏՕ-ի շահերի դեմ է գնում։ Սա մեսիջ է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- մասնավորապես ասել էր մեր զրուցակիցը։
Ստյոպա Սաֆարյանը համակարծիք է. «Նախկինում՝ 2014 թվականին, նրանք փորձում էին զորավարժությունները տեղավորել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հռչակած ռազմական նպատակների մեջ, որը ոչ թե Հայաստանի հետ պատերազմ սկսելու մասին էր, այլ լավագույն դեպքում կարող էր լինել էներգակիրների անվտանգության ապահովման, հիպոթետիկ մի վտանգից համատեղ պաշտպանվելու մասին սցենար։ Այն ժամանակ, երբ Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի հետ այսքան վատթարացած չէին, այնումենայնիվ, այդ քողածածկույթն ապահովվում էր։
Այժմ, երբ Թուրքիան և Ադրբեջանը բացառիկ անհնազանդ պետություններ են՝ միջազգային պարտավորությունների առումով, նրանք չեն թաքցնում. այժմ իսկապես տեղի ունեցածը ձեռնոց է տարածաշրջանային անվտանգությանը, նաև՝ ՆԱՏՕ-ին, որովհետև նման սցենարի, նման վտանգի՝ իրականություն դառնալու դեպքում, իհարկե, ոչ պակաս բարդ խնդիրների է բախվելու նաև ՆԱՏՕ-ն»։
Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նկատեց՝ այնպես չէ, որ միջազգային հանրությունն այս ամենին չի հետևում և հետևություններ չի անի. «Նման ուղերձով զորավարժություններն ակնհայտորեն վատթարացնում են անվտանգության միջավայրը Հարավային Կովկասում։ ՆԱՏՕ-ում դա տեսնում են, դրան հետևում ու դա հասկանում են, և թույլ չեն տա, որ դա պրակտիկ դրսևորում ստանա»։