«Նման քաղաքականությամբ Թուրքիան «подстава» է անում ամբողջ ՆԱՏՕ-ին». Դավիթ Բաբայան

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շփման գծում որևէ արմատական ազդեցություն չեն ունենա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ հայկական Զինված ուժերը բերված են ամենաբարձր պատրաստվածության աստիճանի, և հայկական կողմը կարող է կասեցնել ցանկացած վտանգ։

«Բայց ընդհանուր առմամբ, սա վատ ազդեցություն է թողնում, որովհետև Թուրքիան սրանով ցույց է տալիս, որ սատարում է ահաբեկչական Ադրբեջանին։ Թուրքիան էլ է ահաբեկչական պետություն, և փաստորեն, բացասական դերակատարում են ունենում այս երկու երկրները՝ Կովկասում խաղաղության և կայնության պահպանման վրա։ Այսպիսի զորավարժությունները ցույց են տալիս թուրք-ադրբեջանական միասնականությունը, որը միայն վատ և բացասական ազդեցություն է ունենում Անդրկովկասում»,- պարզաբանեց նա։

Դ. Բաբայանի խոսքով՝ այս զորավարժությունը ուղերձ է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլ նաև Իրանին, Ռուսատանի Դաշնությանը. «Նման սերտ հարաբերությունները վտանգում են նաև այդ երկրների շահերը։ Սա նաև մեսիջ է ՆԱՏՕ-ին, որովհետև նման քաղաքականությամբ Թուրքիան «подстава» է անում ամբողջ ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են խաղաղ կարգավորման, խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտության մասին, բայց Թուրքիան իր գործողություններով խարխլում է այդ ամենը, ՆԱՏՕ-ի շահերի դեմ է գնում։ Սա մեսիջ է ողջ քաղաքակիրթ աշխարհին»։

Նրա խոսքով՝ հայկական կողմը որքան պատրաստ լինի, այնքան քիչ է լինելու «ապրիլյան արկածախնդրության» կրկնությունը. «2016 թվականի ապրիլին հակառակորդը թերագնահատել է մեզ, սա փաստ է։ Նա կարծել է, թե անցել է 22 տարի, նոր սերունդ է ձևավորվել՝ սոցիալական ցանցերի, ֆեյսբուքների, թվիթերների, որոնք չեն ուզում կռվել, որ կա անջրպետ հասարակության տարբեր շերտերի և խավերի միջև. այսպիսի թերգնահատված մոտեցում է ունեցել ու փորձել օգտվել առիթից։ Սա ցույց է տալիս, որ հակառակորդն ուշի ուշով հետևում է, թե ինչ է կատարվում մեզ մոտ։ Բայց նա չարաչար սխալվեց»։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ եթե նույնիսկ շատ մտերիմ դաշնակից հարևան երկրներից մեկում ընթանում են զորավարժություններ, մյուսի Զինված ուժերը բերվում են բարձր պատրաստվածության, դա, նրա խոսքով՝ բնական է. «Բայց որևէ խուճապ մեզ մոտ չի կարող լինել»։

Տեսանյութեր

Լրահոս