«Հայաստանը իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու համար դարպաս է». Արտաշես Թումանյան

Հայաստանի երեք միլիոնանոց շուկան, չնայած մեծ չէ, սակայն իր տարածաշրջանային նշանակությամբ կարող է Իրանի համար գրավիչ լինել Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկա դուրս գալու հարցում: Ինչպես հաղորդում է Irna գործակալությունը, այդ մասին իրանական Մարքազի նահանգում տեղի ունեցած արտահանման խթանմանը նվիրված աշխատանքային խմբերի համաժողովի նիստում հայ տարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Նա ավելացրել է, որ իրանցի գործարարները կարող են իրենց ապրանքները ԵԱՏՄ շուկա արտահանել առանց մաքսատուրքեր վճարելու:

Իրանում Հայաստանի դեսպանը նշել է, որ իրանցի գործարարների համար արտահանման ընթացքում Հայաստանից կարող է առաջարկվել օդային և ցամաքային տրանսպորտ, առանց վիզա ստանալու անհրաժեշտության: «Դրա համար էլ երկու երկրներին անհարժեշտ է օգտվել բարենպաստ հնարավորությունից` տնտեսական կապերն ընդլայնելու նպատակով»,- ասել է Թումանյանը:

Նշելով Հայաստանում առկա երեք ազատ տնտեսական գոտիները` դեսպանն ավելացրել է, որ Հայաստանը ԵՄ-ի պայմանագիր ունի և 6 հազար 400 տեսակի ապրանք կարող է արտահանվել դյուրացված ընթացակարգերով: Թումանյանն ընդգծել է, որ Իրանը կարող է իր մասնաբաժինն ունենալ հայկական շուկայում:

Մարքազիի փոխնահանգապետ Զաֆար Աֆշունը նշել է, որ նահանգի արդյունաբերողները հակված են ներդրումներ կատարել Հայաստանում և հաստատել տնտեսական հարաբերություններ: Նահանգի առևտրային պալատի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ջաֆարին էլ հավելել է, որ անհրաժեշտ է գնահատել նահանգում արտադրվող սպառողական ապրանքների, սննդի, շինանյութի և նավթամթերքների արտահանման հնարավորությունները Հայաստանի շուկայում և ավելացրել, որ պատրաստ են առաջիկայում ՀՀ ուղարկել աշխատանքային խումբ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս