Զանգված և մոմենտ
Երբ հերթական անգամ գալիս է գարունը, Հայաստանում բողբոջում է իշխանափոխությունը։ Սա մի ծառ է, որ ստացվել է կառավարող վերնախավի անպատասխանատվության եւ կառավարվող ժողովրդի անտարբերության պատվաստումից։
Եվ երբ Հայոց աշխարհում հերթական անգամ գալիս է գարունը եւ երբ բողբոջում է իշխանափոխության ծառը, տարբեր կողմերից թռչուններ ու զեռուններ են գալիս եւ դաշինք կազմած կամ առանձին-առանձին երգում սահմանադրական կարգի վերականգնման մասին նույն երգը։
Եվ չնայած գարնան գալուն, կառավարող վերնախավը շարունակում է մնալ անպատասխանատու, իսկ կառավարվող ժողովուրդն՝ անտարբեր, որովհետեւ այդ թռչուններն ու զեռունները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ մեկի կամ երկուսի կամ մի ամբողջ դաշինքի հավակնոտությունը բավարար չէ պատմական ընթացքը կասեցնելու կամ շրջելու համար։ Պետք է նախ եւ առաջ համաժողովրդական պահանջ։
Հեղափոխության լենինյան ձեւակերպումը` ներքեւների չցանկանալու եւ վերեւների չկարողանալու մասին, այսօր էլ ակտուալ է։ Եվ հայկական հեղափոխությունը, չնայած ԱՊՀ տարածքում տիրող լարված մթնոլորտին, չի ստացվում, որովհետեւ մեծ հաշվով վերեւներն ու ներքեւները հաշտ ու համերաշխ են։
Օրինակ՝ եթե ներքեւները լինեին արեւմտյան արժեքների կողմնակից, իսկ վերեւներն, ինչպես կան՝ ռուսամետ, եւ արեւմտյան արժեքների կողմնակից ներքեւներն իրենց ծոցից ծնեին արեւմտամետ (բայց ոչ Արեւմուտքի ուշադրությունը գրավել փորձող) հեղափոխական գործիչներ, հեղափոխությունը կհասունանար եւ տեղի կունենար՝ ճիշտ զանգվածով եւ ճիշտ մոմենտում։ Բայց հոգու խորքում ռուսամետ ժողովուրդը նայում է ու մտածում, թե ուրիշ ո՞վ կարող է ավելի ռուսամետ լինել, քան գործող իշխանությունն է։ Չէ՞ որ այս իշխանությունն է հանրապետության գույքի համեղ պատառները նվիրել ռուսներին՝ պարտքի դիմաց։ Ա՛յ, հենց այս պատճառով էլ չի գոյանում կրիտիկական զանգվածը եւ չի առաջանում պատմական մոմենտ։
Կամ եթե ներքեւները համոզված լինեին, որ հարեւանների հետ անհրաժեշտ է հաշտ ու խաղաղ ապրել եւ դրա համար պետք է անել փոխշահավետ զիջումներ, իսկ վերեւներն ասեին՝ չէ՛, անպայման «Մահ կամ ազատություն», ներքեւներն առաջ կքաշեին մի գործչի, որը ճիշտ մոմենտում կարտացոլեր իրենց իղձերն ու երազանքները։ Բայց ինչպես շատ տարիներ առաջ Զիգմունդ Ֆրոյդի բոստանը մտնելով Ռոլանդ Շառոյանն էր ասում՝ մեր ժողովուրդը դաշնակցական է, պարզապես ոմանք դա գիտակցում են, ոմանք՝ ոչ։ Եվ քանի որ ժողովուրդը դաշնակցական է, ուրեմն խոսք անգամ չի կարող լինել խաղաղության, ինչ-որ փոխզիջումների, հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու մասին։ Եվ հենց այս պատճառով էլ ժողովուրդը նայում ու մտածում է՝ ո՞վ կարող է ավելի լավ մեկուսացնել երկիրը, քան գործող իշխանությունը եւ արժե՞ արդյոք մի մեկուսիչը փոխարինել մյուսով։
Կամ էլ եթե ներքեւները խորշեին կոռուպցիայից եւ ամեն ինչ անեին այդ զազրելի երեւույթին չմասնակցելու համար, իսկ վերեւներն այդպես էլ կոռումպացված մնային, դուրս կգար ներքեւների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող մեկն ու կասեր՝ վերջ։ Բայց կոռուպցիան կա ու հնարավոր է միայն եւ միայն վերեւների ու ներքեւների փոխադարձ գործակցությամբ։ Սա, ի դեպ, եզակի դեպքերից է, երբ երկուսի համագործակցությունն իդեալական է։
Այսպես տեսնում ենք, որ, ըստ էության, չկա վերեւների ու ներքեւների հակասություն։ Կա դժգոհություն, որն ուրիշ բանից է։ Մեկը կաշառք է տալիս դատավորին ու դժգոհ է, բայց դժգոհ է ոչ թե կաշառք տալու համար, այլ` որ դատավորն ինքը չէ։ Իսկ մյուսը փող չունի, որ կաշառք տա, եւ դժգոհ է հենց դրանից։ Իրավապահ համակարգի մի աշխատակից, որ խորհրդային տարիներին մեծ դժվարությամբ Իրավաբանական էր ընդունվել եւ նույնքան մեծ դժվարությամբ ավարտել, դժգոհում էր, թե ժողովրդի ձեռքին փող չկա, ասում էր` ում բռնում ես, պիտի նստի, որովհետեւ վճարունակ չի։
«…կա՞ հասարակության մեջ բավարար հեղափոխական ավյուն, եւ կա՞ այն քաղաքական մոմենտը, որն այդ հեղափոխական ավյունը կվերածի պոռթկման»,- հեղափոխության հայտ ներկայացնելուց հետո հարցնում է քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը։
Իսկ ես հարցնում եմ` կա՞ հեղափոխության նպատակ։ Ո՞րն է այդ նպատակը, սահմանադրական կարգի վերականգնո՞ւմը։ Սահմանադրական կարգի վերականգնմամբ զանգվածները չեն կշտանա, ավելին՝ գուցե նույնիսկ քաղցեն։ Որովհետեւ առանց լուրջ նպատակի կատարված հեղափոխությունը իշխանության կբերի մարդկանց, ովքեր կվերաբաժանեն հարստության գոյություն ունեցող աղբյուրները։ Այս դեպքում եւս ի՞նչ տարբերություն, թե ով է տերը։
«…եթե անհրաժեշտ քանակ չկա, պետք է հասկանալ` որքան կա, ի՞նչ գործընթացներ են պետք, որ այն դառնա կրիտիկական»,- ասում է Արամ Կարապետյանը։
Հեղափոխությունն առաջին հերթին ընտրություն է։ Ի՞նչ ենք ընտրելու։ Վրաստանում եւ Ուկրաինայում ամեն ինչ հստակ էր՝ ընտրվեց արեւմտյան կողմնորոշում, ինչը նշանակում է` նոր արժեքներ եւ նոր ապրելակերպ, ինչը նշանակում է` պոստկոմունիզմի հաղթահարում, ինչը նշանակում է` անկախության վերահաստատում։
Այսօր մենք ունե՞նք այն «կրիտիկական զանգվածը», որը գիտակցում է Հայաստանի անկախության մաս-մաս, աստիճանական կորուստը։ Այսօր մենք ունե՞նք այն «կրիտիկական զանգվածը», որը գիտակցում է սովետական ու արեւմտյան արժեքների տարբերությունը։ Այսօր ունե՞նք այն «կրիտիկական զանգվածը», որն ուզում է ազատագրվել սովետական ձեւախեղված ապրելակերպից։ Այսօր մենք ունե՞նք այն «կրիտիկական զանգվածը», որի համար խաղաղությունը անվտանգության եւ տնտեսական զարգացման երաշխիք է։
Եթե ունենք, ուրեմն կեցցե՛ հեղափոխությունը։
«168 ԺԱՄ» թերթ
10.05.2005թ.