
YouTHink հեքեթոնը մեկ նպատակի շուրջ կհավաքի Գյումրիի երիտասարդ մտածողներին

Մայիսի 6-7-ը Գյումրիում տեղի կունենա Երիտասարդ մտածող/YouTHink հեքեթոնը:
YouThink Hackathon 2017 նախագծի կազմակերպիչները նշում են, որ իրենք կիրառելու են հեքեթոնյան ոսկե սկզբունքը՝ տեղում ձևավորված խմբերին կտրվի 24 ժամ, որպեսզի վերջիններս իրականացնեն իրենց առջև դրված նպատակը: Նպատակն է լինելու՝ առաջարկել տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի լուծում, որի կիրառմամբ կհեշտացվի կամ ներդրում կլինի Հայաստանում բնակվող երիտասարդի կյանքում:
Միջոցառմանը կարող են մասնակցել երիտասարդական հ/կ-ների, ոչ ֆորմալ խմբերի, ՀԱԵ կից գործող եկեղեցասեր միությունների և Շիրակի մարզի բուհերի ուսանողական խորհուրդների 5-10-ական ներկայացուցիչներ: Մասնակիցների տարիքը պետք է լինի 18-ից բարձր: Մասնակիցները Տեխնո-կրթական Ակադեմիայում նոր ձևավորվող կամ արդեն ձևավորված թիմերով մոտակա 24 ժամը (ցերեկ/գիշեր/ցերեկ) պետք է ստեղծեն ՏՏ հարթակ՝ հեքեթոնի խորագրին համապատասխան։
«Նախատեսվում է ամեն մի թիմին կցել մեկ ծրագրավորող, որպեսզի վերջինս կարողանա մասնագիտական հմուտ ուղղորդում տալ թիմերին, ըստ նախնական պայմանավորվածության՝ Ջի Հոստ կազմակերպության հետ, ծրագրավորողները կհետևեն և կաջակցեն նախագծի մասնակիցներին իրենց մասնագիտական խորհրդատվությամբ»,- նշում են կազմակերպիչները:
24-ժամյա աշխատանքներից հետո մասնակիցները հյուրերին և ժյուրիի անդամներին կներկայացնեն իրենց լուծումները: Ժյուրին կընտրի 3 լավագույն թիմերին և որպես մրցանակ՝ նրանց կնվիրի անհատական վեբ կայքեր: Իսկ ամենալավ գաղափարը կյանքի կկոչվի:
Նախատեսվում է միջոցառումը դարձնել ամենամյա և իրականացնել տարբեր քաղաքներում:
Սիրարփի Աղաբաբյան