
Ավելի քան 25 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում զինված հակամարտությունների պատճառով. ՅՈՒՆԻՍԵՖ

«Վեցից մինչեւ 15 տարեկան ավելի քան 25 մլն երեխաներ, այսինքն՝ այդ տարիքային խմբի երեխաների 22 տոկոսը, դպրոց չի հաճախում հակամարտությունների ասպարեզի վերածված 22 երկրներում»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ:
Տարրական դասարաններ պարապմունքների հաճախելիության ամենավատ ցուցանիշը գրանցվել է Հարավային Սուդանում, որտեղ դպրոցից դուրս է մնում երեխաների 72 տոկոսը, իրադրությունը փոքրինչ ավելի լավ է Չադում (50 տոկոս) եւ Աֆղանստանում (46 տոկոս): Այս երեք երկրներում նաեւ գրանցված է դպրոց չհաճախող աղջիկների ամենաբարձր մակարդակը՝ համապատասխանաբար 76 տոկոս, 55 տոկոս եւ 53 տոկոս:
Միջնակարգ դպրոցում պարապմունքների հաճախելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Նիգերում (32 տոկոս), Հարավային Սուդանում (40 տոկոս) եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (55 տոկոս):
«Կրթությունը երբեք այնքան մեծ կարեւորություն չունի, որքան պատերազմի ժամանակ»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության հարցերի բաժնի ղեկավար Ջոզեֆին Բոռնը: «Առանց կրթության երեխաները չեն կարողանա բացահայտել իրենց ներուժը եւ ավանդ ներդնել իրենց ընտանիքների, համայնքների ու երկրների կայուն ապագայում»,-հավելել է նա:
Մինչդեռ ՅՈՒՆԻՍԵՖ-ում տագնապ են հնչեցնում կրթական ծրագրերի ֆինանսավորման միջոցների անբավարարության կապակցությամբ: Մանկական հիմնադրամի տվյալներով, 2010 թվականից այդ նպատակով ծախսվել է հումանիտար գործողությունների համար հատկացված գումարների 2 տոկոսից պակասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: