Բաժիններ՝

Էրդողանը ԵԱՀԿ դիտորդներին ահաբեկիչներ է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է սահմանադրական հանրաքվեն դիտարկելու եկած ԵԱՀԿ առաքելության անդամներին ահաբեկիչներ լինելու մեջ: Այս մասին գրում է թուրքական T 24 լրատվական գործակալությունը:

Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ­ը հանրաքվեին հետևելու նպատակով անկողմնակալ դիտորդների ուղարկելու փոխարեն ահաբեկչական խմբավորման անդամների է ուղարկել: Ցույց տալով դիտորդական առաքելության կազմում գտնվող անդամներից մեկի լուսանկարը, որտեղ վերջինս բռնել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դրոշը` Էրդողանն ասել է.

«Ինչպես կարող է PKK­-ի դրոշը պահած անձն անկողմնակալ լինել: Այս մարդն այստեղ զեկույց է պատրաստում որպես մի ահաբեկիչ: Ինչպե՞ս կարելի է ընդունել նրա զեկույցը»:

Ապրիլի 17­-ին ԵԱՀԿ-­ն տարածել էր հայտարարություն Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում էր, որ հանրաքվեն անց է կացվել երկու կողմերի համար անհավասար հնարավորությունների պայմաններում:

«Ընդհանուր առմամբ հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Իրավական շրջանակն անբավարար է եղել ժողովրդավարական գործընթաց անցկացնելու համար»,­-նշել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ սահմանափակ ընտրական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան նշել էր, որ հանրաքվեն անց է կացվել այնպիսի քաղաքական միջավայրում, որտեղ հիմնարար ազատությունները, որոնք կարևոր են ժողովրդավարական գործընթացի համար, քողարկվել էին արտակարգ իրադրության պայմաններում: Բացի այդ, երկու կողմերը չեն ունեցել հավասար հնարավորություններ քվեարկողներին դիմելու հարցում:

«Մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ «այո»-­ի քարոզարշավը գերակշռել է լրատվամիջոցներում և դա ԶԼՄ­-ներում առկա սահմանափակումների, լրագրողների ձերբակալությունների և լրատվամիջոցների փակման հետ մեկտեղ, սահմանափակել է քվեարկողներին հասանելիությունը տեսակետների բազմազանությանը»,­-նշել էր նա:

Դիտորդներն արձանագրել էին, որ որոշ ընտրատեղամասերում իրենց գործունեությունն արգելվել կամ խոչընդոտվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս