Բաժիններ՝

«Նրանք բոլորովին էլ չղջիկների մասին հոգ տանելու խնդրով չեն մտահոգ, այլ պարզապես չկայացած մարդիկ են». քարանձավագետ Սամվել Շահինյան

ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, լրագրողները նախարարից հետաքրքրվում էին լայն քննարկումների առիթ տված՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մարտի 28-ից պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի հայտարարման մանրամասների մասին:

Այսօր արդեն նույն գերատեսչությունում նախարարի անմիջական մասնակցությամբ հանդիպում-քննարկման էին հրավիրվել թեմայի առնչությամբ կողմ և դեմ կարծիքներ, տեսակետներ ու մտահոգություններ ունեցող կողմերը, որ երկար ու դռնփակ հանդիպման ընթացքում քննարկեցին պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու պրոցեսի խնդրահարույց կողմերը:

Արդեն հանդիպման ամփոփմանը ներկա 168.am-ը լսեց ոլորտը համակարգող փոխնախարար Արև Սամուելյանի ելույթը, որում վերջինս հավաստեց՝ մենք կարծես թե եկանք ընդհանուր հայտարարի, որ ամեն դեպքում քարանձավները ներկայացված էին առանձին չափաբաժիններով, բայց ավելի մանրամասնելու կարիք կա.

«Մենք այստեղ ներկա մեր գործընկերներին կխնդրենք, որ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեեն համապատասխան գնահատման չափորոշիչները: Պետք է ավելի շեշտվի, որ հիմքում դրված է ավելի գիտական մոտեցում, մեկ տարի ժամկետում մշակվի քարայրների օգտագործման հայեցակարգային մոտեցում, պարտադիր դա դրվի օգտագործողի առջև՝ հաշվի առնելով, որ կոնկրետ քարայրների դեպքում գլխավոր բաղադրիչը գիտական ուսումնասիրություններն են, օգտագործման ավելի պատշաճ պայմաններ մշակելու համար»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Հանդիպման մասնակից քարանձավագետ Սամվել Շահինյանը, ով օրեր առաջ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հրապարակային քննարկելու Մշակույթի նախարարության առաջարկվող ծրագրի խնդրահարույց և վտանգավոր կետերը, հանդիպումից հետո 168.am-ի հետ զրույցում նկատում է՝ հույսը վերջում է մեռնում: Մեր խնդրանքին՝ բացել արտահայտած թևավոր խոսքի փակագծերը, վերջինս պատասխանում է.

«Կարծում եմ՝ նախարարը մի շարք կետերի հետ միանշանակ համաձայն էր, իսկ մի շարք կետերի վերաբերյալ էլ պարզապես չափից մեծ դուրս դեմոկրատական մոտեցում ցուցաբերեց: Ես իրենց ցույց տվեցի աշխարհում ընդունված օրենքները, կարգը, փորձը, ինչպես նաև իրողությունները, որ, օրինակ, «էկոհամակարգ» հասկացողություն քարանձավներում գոյություն ունենալ չիկարող: Սա պարզապես հակագիտական մոտեցում է, որ նույնիսկ վերլուծության ենթակա չէ»:

Անդրադառնալով քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթում առկա երկակի ստանդարտների կիրառմանը, Սամվել Շահինյանը համոզված է՝ սա անթույլատրելի մոտեցում է: Վերջինս նկատեց.

«Իրենք նոր նկատեցին այս պնդումների հակագիտական էությունը: Իրենք պարտավոր էլ չէին դա իմանալու: Ես բազմաթիվ անգամներ այս մասին բարձրաձայնել եմ, պարզապես իրենք հագուրդ տալով «կանաչների» հրապարակային ճիչերին՝ չէին հասկացել, որ դա հակագիտական պահանջ է, նման բան չի կարող լինել»:

Մտահոգությունը, որ առաջարկվող ծրագրով քարանձավները ոչ թե կօգտագործվեն, այլ պարզապես շահագործման կհանձնվեն, որի արդյունքում անդառնալի կորուստներ կգրանցվեն դրանց ներսում, կարծես փարատվել է: Սամվել Շահինյանը նկատեց.

«Ես բազմիցս ասել եմ, որ քարանձավը շահագործել պարզապես չի կարելի: Բնության հուշարձանները չեն շահագործվում, միայն օգտագործվում են: Այսօր այստեղ որոշվեց՝ դրանք կօգտագործվեն՝ անպայմանորեն կարևորելով դրանց հուշարձանային բնույթը: Այս հարցը, կարելի է ասել, այսօրվա քննարկման հաջողությունն էր, որովհետև ներկաներից բոլորը համաձայնեցին՝ այդպես է լինելու: Քարանձավում մուտք ու ելքերը կանոնակարգվելու են սահմանափակման ենթարկող օրենքի համաձայն: Հաշվի առնելով մի շարք, այդ թվում՝ ֆիզիկական, օդի շրջանառության, հուշարձանի պահպանության խնդիրները, քարանձավներում օրվա ընթացքում նախատեսվող մուտքերի քանակը կսահմանափակվի»:

Բնապահպանների կողմից բարձրաձայնված քարայրների մշտական «բնակիչներ» հանդիսացող չղջիկների խնդրի մասին ՝ քարանձավագետ Սամվել Շահինյանը բարկացավ.

«Այստեղ խնդիր չկա, հասկանո՞ւմ եք, սա լուծված հարց է: Այդ չղջիկների հարց բարձրացնողներին ես՝ որպես մասնագետ, պաշտոնապես մի քանի հարց եմ առաջ քաշում, և դուք՝ որպես լրագրող, փորձեք պարզաբանել՝ արդյո՞ք քարանձավը չղջիկների կենսատոպն է, թե՞ նրանց ձմեռելու վայրը, երկրորդ կարևոր հարցը՝ երբևէ ո՞վ է մշտադիտարկում անցկացրել կամ հաշվառել չղջիկների քաղաքը, և ի՞նչ սարքավորումներով է դա իրականացվել, եթե առհասարակ իրականացվել է: Եվ վերջապես, հարցրեք նրանց՝ բացի Մագիլի քարանձավից, այդ մարդիկ ուրիշ որտե՞ղ են չղջիկներ տեսել: Միայն այս հարցերի պատասխանները լսելուց հետո կարելի է շարունակել չղջիկների թեման, եթե, իհարկե, դուք ձեզ համար չբացահայտեք, որ նրանք բոլորովին էլ չղջիկների մասին հոգ տանելու խնդրով չեն մտահոգ, այլ պարզապես չկայացած մարդիկ են»:

Սամվել Շահինյանը, այնուամենայնիվ, կշարունակի մնալ սպասումների մեջ.

«Ինչ հարցեր ու խնդիրներ որ բարձրաձայնվեցին այսօվա հանդիպման ընթացքում, ստացան «այո» պատասխանը: Եթե այդ «այո»-ներն ամրագրվեն նաև օրենքով, ապա ամեն ինչ բնականոն ընթացք կունենա: Իմ բերած ապացույցներն ու փաստարկները որևէ մեկը չհերքեց, բայց … Այս «բայց»-ը շատ սարսափելի է, հատկապես, երբ իրենք համաձայնում և ընդունում են, բայց, այնուամենայնիվ, կա մի մեծ «բայց», որի վերջնական ելքը ցույց կտա միայն ժամանակը»:

Հանդիպման ավարտին հանդիպման մասնակից, Արենի 1 քարանձավի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանի առաջարկով և նախարար Ամիրյանի համաձայնությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագետների և խնդրով մտահոգ լրագրողների մասնակցությամբ առաջիկայում շրջայց կազմակերպել քարանձավներից՝ Արենի 1, տեղում տեսնելու և հասկանալու խնդրի իրական պատկերները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս