«Ապրիլին զոհված տղաներից շատերը չկարողացան ճյուղեր տալ». նրանց մասին կհիշեցնեն նաև անվանական ծառերը
2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների մասին կհիշեցնեն նաև նրանց անուններով տնկված ծառերը։ Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը զոհված սպա Տիգրան Պողոսյանի ծնողների նախաձեռնությամբ երեկ Տիգրանի հայենի գյուղում՝ Հոռոմում, 100-ից ավելի ծառ տնկվեց զոհված զինծառայողների անունով։ Ծառերը Հոռոմի դպրոցի հարակից տարածքում տնկեցին զինծառայողների ծնողներն ու հարազատները։
Ծառատունկի նախաձեռնությունը Տիգրանի ծնողներինն է։ «Հայրենիքիս» խմբի կողմից տրամադրված գումարը վերջիններս այս կերպ էին որոշել օգտագործել։ Տիգրանի հայրը՝ Մխիթար Պողոսյանը, ասում է՝ ծառերն ընկել են հանուն զոհված երեխաների։ Տնկվել են բերքատու ծառեր, որ տարիներ անց աշակերտները, մարդիկ բերքն ուտեն ու հիշեն զոհված բոլոր երեխաներին. «Նրանց համար պարտական ենք անել ամեն ինչ։ Մեր երեխաները հայրենիքի, մեզ համար են զոհվել։ Նախաձեռնել ենք ես ու կինս, հրավիրել ենք զինծառայողների ծնողներին։ Ծնողների հետ կապված ենք։ Բոլորս էլ նույն կորուստն ենք ունեցել։ Սիրում ենք մեկս մյուսիս, հարգում, հույս տալիս»։
Տիգրանի մորաքրոջ դուստրը՝ Շուշան Սարգսյանը, 168.am-ին պատմեց, որ ծառատունկն ունի իր սուրբ խորհուրդը. «Մեր զոհված հերոս տղաների մեծ մասը չկարողացան տալ իրենց բերքն այս կյանքում, բայց տնկված ծառերի միջոցով ուզում ենք ասել, որ նրանք իզուր չգնացին։ Նրանց պտուղներն այս սերունդներն են վայելելու, քանի որ ընտրված են այնպիսի ծառեր, որ բերք տան, պտղատու ծառեր լինեն, որպեսզի գալիք սերունդները կարողանան դրա միջոցով հիշել նրանց, և նրանց անունները վառ մնան բոլորի սրտերում։ Ծառատունկն այս խորհուրդն ունի, այդ պատճառով էլ շատ խորհրդանշական է մեզ համար»։
Տնկված ծառերը կխնամեն Հոռոմի դպրոցի աշակերտները, ովքեր խոստանում են ամենայն պատասխանատվությամբ խնամել ծառերը ու միշտ հիշել այն տղաներին, ովքեր կանգնած են մեր խաղաղ օրերի ետևում։
Տիգրանի մորաքրոջ դուստրը՝ Շուշանը, նկատում է, որ պատահականությա՞մբ, թե՞ Աստծո կամքով Տիգրանի անունով տնկված ծառը կխնամի աշակերտուհին, ով Տիգրանի աչքերի նման աչքեր ու Տիգրանի ընկերուհու անունը ունի՝ Մարի։ Վերջինս էլ ասաց՝ հպարտ է, որ խնամելու է Տիգրանի անունով տնկված ծառը, և, որ իրենք միշտ կհիշեն Տիգրանին. «Խոստանում եմ, որ միշտ հոգատարությամբ կխնամեմ Տիգրանի ծառը»։
Դպրոցի զինղեկը, ով դասավանդել է նաև Տիգրան Պողոսյանին, վերջինիս մասին խոսելով՝ ասում է. «Կազմակերպող էր, ակտիվ։ Մանավանդ ՆԶՊ-ի ժամերին շատ նախաձեռնող էր, ժպիտը միշտ դեմքին էր, լավ էր սովորում, անպայման ցանկանում էր հայրենիքի պաշտպան դառնալ։ Դասերի ժամերին անընդհատ հարցեր էր տալիս տարբեր զենքերից, զինամթերքից։ Նույնիսկ հետաքրքրվում էր, թե այս զենքը, մարտական մեքենան ինչ հատկություններ ունի։ Անձնուրաց, հայրենիքի պաշտպան տղա էր: Փառք իրեն»։ Ուսուցչի խոսքով՝ դպրոցում Տիգրանին միշտ էլ հիշում են. «Նա մեր այս սերնդի քաջ որդիներից էր։ Նրանք բոլորն առյուծներ էին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում