
«Հպարտ կանգնում-ասում էր՝ էս տղուն թուրքի գյուլլա չի կպնի»

«Ամենալավն այս տղաներն են, որ դիրք են պահում». Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերն Արցախում զոհված Տիգրան Պողոսյանի խոսքերն են։ 1992թ. ծնված Տիգրանը կոչումով լեյտենանտ էր, ամիսներ անց նա պետք է ավագ լեյտենանտի կոչում ստանար։ Կոչումը Տիգրանը ստացավ, բայց հետմահու… Տիգրանը ծառայում էր Մարտակերտում, ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան ռազմական գործողություններին. Ապրիլյան պատերազմում զոհված վերջին սպան էր։
Հարազատները եղել են Արցախում, ասում են՝ զինծառայողները պատմում են, որ այդ օրերին Տիգրանը 80-100 թուրք է սպանել։ Գնդի հրամանատարն էլ ներկայացրել է, որ դիրքը, որտեղ Տիգրանը զոհվել է, անվանակոչվել է նրա անունով։
Տիգրանը վիրավորվել է «Գրադ» կայանքից հրետակոծության արդյունքում, նրան հոսպիտալ են տեղափոխել, սակայն հերոսի կյանքը փրկել չի հաջողվել…
Տիգրանի ընտանիքը Շիրակի մարզի Հոռոմ գյուղում է ապրում. Տիգրանն ավագ եղբայր ունի, ով Ոստիկանության սպա է։
«Ամենալավն այս տղաներն են, որ դիրք են պահում»
Տիգրանի մայրը՝ տիկին Սիլվան, ասում է, որ որդին բնավորությամբ հանգիստ է եղել, համեստ, բարի, երբեմն՝ նաև կամակոր։ Տիգրանը ծաղիկներ է նվիրել իր առաջին ուսուցչուհուն, ով մինչ այժմ խնամքով պահել է ծաղիկները ու հիմա հպարտանում է, որ պահում է հերոսի նվիրած ծաղիկները։
Տիկին Սիլվան պատմում է, որ դպրոցում Տիգրանի եկեղեցու պատմության ուսուցիչ Տեր Հովհաննեսը (ով այժմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցու քահանան է) չարության համար պատժելու նպատակով հարցրել է, թե որքան ժամանակ կարող է մեկ ոտքի վրա կանգնել։
«Տիգրանս ասել է՝ որքան ուզեք, կկանգնեմ։ Շուրջ մեկ ժամ մի ոտքի վրա կանգնած մնացել է։ Ուսուցիչն ասում է՝ Տիգրանը նույնիսկ մեկ վայրկյան ոտքը գետնին չի դրել, թեկուզ իրենից թաքուն»,- պատմում է տիկին Սիլվան։
Հենց Տեր Հովհաննեսն է կատարել հոգեհանգստի արարողությունը, ու հարազատների խոսքով՝ հիմա էլ Տեր Հովհաննեսը հպարտանում է, որ թեկուզ կարճ ժամանակ, բայց հասցրել է դասավանդել Տիգրանին։
Տիգրանի մայրը հիշում է, որ, երբ որդին փոքր է եղել, շունը խեղդել է մի քանի հավ, իրենք Տիգրանին ասել են, որ ծեծի շանը։ Տիգրանը շատ փոքր փայտով կամաց հարվածել է շանն ու ասել. «Որ ասում եմ՝ մի՛ կեր, մի՛ կեր։ Հիմա, որ ծեծեմ, լավ կլինի՞»։
Տիկին Սիլվան արմատներով Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղից է. պատմում է, որ երբ Տիգրանը 3 տարեկան է եղել, ազատամարտիկները եկել են, ժողովուրդը հավաքվել է նրանց դիմավորելու.
«Տիգրանս հիվանդ էր։ Ազատամարտիկները հավաքվեցին մեր տանը, ավտոմատներն ուսերին՝ Տիգրանին մեքենայով հասցրին հիվանդանոց։ Բժիշկը դուրս եկավ, հարցրեց՝ հերո՞ս եք բերել։ Ազատամարտիկներից մեկն ասաց, որ յուրաքանչյուր հայ զավակ ծնված օրվանից հերոս է։ Այդ խոսքը որդուս համար կարծես պատգամ լիներ»։
«Բնավորությամբ ոսկի մարդ էր։ Համադասարանցիներն ասում են՝ նման բան չէին սպասում, Տիգրանն իրենց դասարանի համն ու հոտն էր։ Երբ մի օր դպրոց չէր գնում, ընկերները զանգում էին, հարցնում՝ ինչո՞ւ չի եկել, ասում էին, որ առանց նրա՝ անիմաստ է անցնում»,- ասում է Տիգրանի մայրը։
Տիգրանը 2010-2014թթ. սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա ծառայության անցել Արցախում՝ Մարտակերտում։
Տիկին Սիլվան նշում է. «Ասում են՝ մենք իրեն հոսպիտալ ողջ ենք ուղարկել։ Մտածել են, որ պիտի փրկվի։ Ասում են՝ Տիգրանը մեզ համար եղբայր է եղել, մեր մեծ եղբայրն էր»։
Տիգրանի ամենասիրելի երգը Հայաստանի օրհներգն էր. ասում են՝ մեծ ոգևորությամբ էր այն լսում։ Շատ էր սիրում գրքեր կարդալ, հատկապես՝ պատմական։ Ամենասիրելի գիրքն էլ Րաֆֆու «Սամվելն» էր։ Հարազատների՝ Արցախ այցելության ընթացքում սերժանտներից մեկը նրանց է փոխանցել Ջեկ Լոնդոնի «Ծովագայլը» գիրքը՝ ասելով, որ դա Տիգրանի կարդացած վերջին գիրքն էր. Տիգրանը չէր հասցրել, գիրքն անավարտ էր մնացել։
Տիկին Սիլվայի խոսքով՝ այդ օրերին առաջնագիծ մեկնած կամավորները ևս շատ էին կապվել որդու հետ։ «Արցախում իր զինվորներն այնքան բան պատմեցին։
Ասում էին՝ երբ ադրբեջանցիների կողմից նույնիսկ ծիտ էր գալիս, կրակում էր, ասում էր՝ պիտի այնտեղից չթողնեք ոչինչ անցնի մեզ մոտ»,- ասում է Տիգրանի մայրը՝ նշելով, որ վերջին անգամ որդու հետ խոսել է ապրիլի 21-ին, Տիգրանն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, ինքը կզանգի. «Զգացի, որ շտապում էր։ Ասաց՝ ամեն ինչ նորմալ է, ես հետո կզանգեմ։ Հետոն այլևս չեղավ…»։
Տիկին Սիլվայի խոսքով՝ դեպքի օրը «Գրադ» կայանքից հրետակոծություն է եղել։ Տիգրանը զինվորներին հրամայել է մտնել թաքստոցներ, դուրս է եկել իր թաքստոցից, վազելով գնացել է, որ տեսնի՝ դիտակետում կանգնած զինվորներին բան չի՞ պատահել…
Երբ տղաները փորձել են օգնություն ցույց տալ, Տիգրանն ասել է, որ ուշադիր լինեն՝ «թուրքի ոտքը սահման չմտնի»։
Տիգրանին տեղափոխել են հոսպիտալ, սակայն հերոսի կյանքը փրկել չի հաջողվել։
«Զինվորներին զգուշացրել է, ասել է՝ մի նռնակ պահեք ձեզ մոտ, եթե զգաք, որ թուրքերն այնքան են մոտեցել, որ գերի եք ընկնելու, պայթեցրե՛ք ձեզ, թուրքի ձեռք չընկնեք»,- ասում է Տիգրանի հարսնացուն։
Տիգրանը շատ էր ազդվել Թալիշում ծերերի նկատմամբ կատարված վայրագություններից։ Հարազատների խոսքով՝ եղբոր հետ զրույցներից մեկի ընթացքում ասել էր. «Եթե ծերերի հետ այսպես են վարվել, սահմանից առաջ գալու դեպքում ի՞նչ կանեն մեր ջահելների հետ»։
Տիկին Սիլվայի խոսքով՝ որդին ամիսներ անց ավագ լեյտենանտի կոչում պիտի ստանար.
«Ասում էր՝ մա՛մ ջան, երկու ամիս հետո տղիդ աստղերը շատանում են։ Հպարտ կանգնում էր, ասում՝ էս տղուն թուրքի գյուլլա չի կպնի»։
Տիգրանը բազմաթիվ նպատակներ ու պլաններ ուներ. պիտի ամուսնանար, որոշել էր, որ երկու որդի պարտադիր պիտի ունենա։ Հարազատները չեն համակերպվում, չեն հավատում, որ Տիգրանի նման լուսավոր մարդը չկա, այլևս չի գալու։ Ամեն օր այցելում են Տիգրանի շիրմին ու կարմիր վարդեր դնում. Տիգրանը շատ էր սիրում կարմիր վարդեր։ Օրեր առաջ Տիգրանի ծառայակից ընկերը, ում հետ Տիգրանը սովորել է ռազմական ինստիտուտում ու Մարտակերտում միասին ապրել նույն տանը, դիրքերից իջնելուց հետո կարմիր վարդերով այցելել է Տիգրանի գերեզման։ Հարազատների խոսքով՝ անծանոթ մարդիկ ևս այցելում են հերոսի շիրմին, կարմիր վարդեր տանում։
Տիկին Սիլվան չի համակերպվում որդու կորստի հետ, ասում է՝ կարոտը Տիգրանի սիրելիից է առնում. «Իր սիրտը սիրել է իմ Տիգրանին, ինչպե՞ս կարող եմ ես իրեն չսիրել»։ Հարազատների խոսքով՝ Տիգրանն ու նրա հայրը կապված էին մի անբացատրելի ու հզոր կապով։