«Հայաստանի քարանձավները դեռևս պատրաստ չեն տուրիստներին լավ սպասարկելու համար». քարանձավագետ
Քարանձավագետ Վիկտոր Ազիզբեկյանի կարծիքով՝ Հայաստանի քարանձավները դեռևս պատրաստ չեն տուրիստներին լավ սպասարկելու համար, քանի որ համապատասխան ծառայություններ մատուցելու դժվարություններ կան։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի), «Արջի», «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթին՝ նա ասաց, որ նշված քարանձավներն ամենամեծն են ու կարող են զբոսաշրջության համար ծառայել.
«Դրանք կաստային քարանձավներ են, որոնք հայտնի են իրենց գեղեցիկ գոյացություններով։ Երբ մարդկանց բացատրում, ցույց ես տալիս, սկսում են հիանալ այդ գոյացություններով։ Ամեն քարանձավ ունի իր միկրոկլիման։ Եթե քարանձավի մուտքը գտնվում է իր ամբողջ ծավալից ավելի բարձր, երբեք ոչ մի փոփոխություն չի լինում նրա միկրոկլիմայում։ Իսկ եթե հակառակն է լինում, այսինքն՝ մուտքը ներքևում է, քարանձավը՝ վերևում, այդ դեպքում կլիմայի փոփոխությունն անխուսափելի է լինում»։
Քարանձավագետից հետաքրքրվեցինք՝ զբոսաշրջության համար քարանձավն օգտագործելու դեպքում համապատասխան լուսավորություն է հարկավոր, դրանից քարանձավի ներսում ինչ-որ գոյացություններ չե՞ն առաջանա՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ խոնավ է ու նախկինում մութ է եղել։
«Քարանձավում, բացի մումիոյից, ոչինչ չի կարող աճել, իսկ մումիոն դեղամիջոց է։ Մենք ունենք այդպիսի հնարավորություն՝ համապատասխան միջավայր ստեղծել ու մումիո ստանալ՝ որպես դեղամիջոց օգտագործելու համար»,- պարզաբանեց նա։
Մեր զրուցակիցը ողջունում է Մշակույթի նախարարության այս քայլը՝ նշելով, որ տարիներ առաջ այդ մասին առաջարկություններ է արել։ Իսկ զբոսաշրջության նպատակով քարանձավների շահագործումը, ըստ նրա՝ չի վնասի քարայրներին, եթե խմբերն ուղեկցվեն քարանձավագետների կողմից։