Ռուբեն Վարդանյանի FAST հիմնադրամը մտադիր է 250 մլն դոլար ներգրավել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով
«Սկոլկովո» կառավարման դպրոցի համահիմնադիր, IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի խորհրդատվական խորհրդի ստեղծման և տնօրենի նշանակման մասին, հայտնում է IdeA հիմնադրամը:
FAST-ը մտադիր է հարթակ դառնալ Հայաստանում IT ոլորտում, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, վերականգնվող էներգետիկայի, ռոբոտիկայի, կենսատեխնոլոգիաների, առաջատար ինժեներական և արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական առաջընթացի համար:
Հիմնադրամը կկենտրոնանա 4 ուղղությունների վրա՝ կրթություն, հետազոտություն, ստարթափեր և արտադրություն: Ուղղություններից յուրաքանչյուրի համար ձևավորվելու է առանձին փորձագիտական խորհուրդ:
FAST-ի զարգացման համար նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչև 15 մլն ամերիկյան դոլար: Հիմնադիրները կգործարկեն դրամական միջոցների ներգրավման գլոբալ արշավ՝ 5 տարվա ընթացքում մինչև 250 մլն դոլար ներգրավելու համար:
Առաջին անգամ FAST-ը ստեղծելու մասին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր 2016թ. հուլիսին՝ նշելով, որ հիմնադրամն ուղղված է «Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայրի ստեղծմանը և հայկական ու միջազգային հանրության գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը»:
FAST-ի հիմնադիրներ են դարձել Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը IdeA հիմնադրամից, հայր Մեսրոպ Արամյանը «Այբ» և «Լույս» հիմնադրամներից, բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում ձեռնարկատեր Արթուր Ալավերդյանը:
Խորհրդատվական խորհուրդը գլխավորել է Նուբար Աֆեյանը, իսկ գործադիր տնօրեն է նշանակվել գործարար, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը:
Հաստատվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը բաղկացած է 5 մարդուց, այդ թվում՝ հիմնադիրներից: Խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Ալավերդյանը:
9 ամսվա ընթացքում, որ անցել է FAST-ի ստեղծման մասին հայտարարությունից հետո, հիմնադիրները աշխարհի տարբեր քաղաքներում մի շարք քննարկումներ են ունեցել գիտնականների, ներդրողների, գործարարների հետ:
Թիմի կողմից Երևանում հավաքվել է տվյալների բազա, որը ներառել է մոտ 5000 գիտնականի տվյալ Հայաստանից և Սփյուռքից: Նրանցից ավելի քան 120-ը իրենց ավանդն են ունեցել FAST նախաձեռնության քննարկումներին: Այդ նախապատրաստական աշխատանքներում կարևոր ավանդ են ունեցել նաև Համահայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU), Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Synopsis-ը, NSF-ն, National Instruments-ը և ավելի քան 100 մարդ, որոնք կարևոր և արժեքավոր առաջարկություններ են արել:
«Մեր գլխավոր նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր օտարերկրյա գործընկերներին, դոնորներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի ընդհանուր ջանքերով Հայաստանը վերածենք աշխարհի առաջատար հետազոտական կենտրոնի (R&D)»,= հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
Ներկայումս FAST-ի խորհրդատվական խորհրդի անդամներ դառնալու համաձայնություն են տվել Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, 2000-2016թթ. Մասսաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի ավագ դասախոս, ներկայումս՝ Տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Իլինոյսի համալսարանի ճարտարագիտության և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), առողջության ոլորտում գլոբալ նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լորդ Դենհեմ Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Alcatel-ի և Total SA-ի նախկին գործադիր տնօրեն Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը (Ռուսաստան), Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Գ. Ն. Ֆլյորովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Օգանեսյանը (Ռուսաստան), McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը (Ճապոնիա), ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը (Հայաստան), PicsArt ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը (Հայաստան, ԱՄՆ), Հայաստանում ամենաբարձր գիտաչափական ցուցանիշներն (h-index) ունեցող գիտնական, Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդան Սահակյանը (Հայաստան): Խորհրդի կազմը կարող է լրացվել նոր անդամներով:
«Հայաստանի ապագան շատ բանով կախված է նորարարական մոտեցում դրսևորելու և գլոբալ շուկաներում մրցունակ արտադրանքներ ու ծառայություններ ստեղծելու երկրի ընդունակությունից: FAST-ը այդ ներուժը կարճաժամկետ հեռանկարում իրականություն վերածելու կատալիզատոր է:
FAST հիմնադրամի հիմնական առաքելությունն այն է, որ այն կոնսոլիդացնելու է ինտելեկտուալ ուժերը Հայաստանի ներսում և երկրի սահմաններից դուրս՝ դրանք ուղղորդելով առավել արդիական խնդիրների լուծմանը, որոնք կորոշեն երկրի գիտատեխնիկական առաջընթացը»,- խորհրդի ստեղծումը մեկնաբանել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանը:
«Խորհրդային տարիներին Հայաստանը եղել է մեծ երկրի գիտական և տեխնոլոգիական նորարարությունների բացարձակ առաջատարը: Հուսով եմ, որ FAST-ը հնարավորություն կտա Հայաստանին վերադարձնել իր դիրքերը մի շարք ուղղություններով, ինչպես նաև կրթության ու ակադեմիական հետազոտությունների ոլորտում, և այս անգամ մենք նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս հանդես կգանք որպես գլոբալ մակարդակում առաջատարներ»,- ասել է Նաիրա Հովակիմյանը:
«FAST-ի գործարկումը Հայաստանի համար գրավիչ իրադարձություն է: Մեր հասարակությունը ամեն օր մի շարք ոլորտներում բախվում է նոր մարտահրավերների, ու Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության համար հարթակ ստեղծելով՝ կարող ենք մնալ առաջատար դիրքերում նորարար տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է լորդ Արա Դարզին: