Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը սկսվել է
2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթացը:
Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացվել են թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման, գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ 140 ներդրումային ծրագրերի հայտեր:
Առավել իրատեսական 11 ծրագրեր 2017 թ փետրվարի 21-ին ներդրողների մասնակցությամբ քննարկվել էին ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանի մոտ: Քննարկումների արդյունքներով տրված հանձնարարականների համաձայն արդեն իսկ 2 ծրագիր ֆինանսավորվել են, իսկ մյուս 9 ծրագրի մասով ընթանում են ֆինանսական գործիքների և մեխանիզմների աջակցության գործընթացները:
Մասնավորապես, Լոռու մարզից ստացված «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվող 35,0 մլն ՀՀ դրամ գումարից 14.03.2017թ-ին տրամադրվել է վարկի 1-ին փուլը՝ 20,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով` տարեկան 12% տոկոսադրույքով: Վարկի առաջին փուլի ծախսման հիմնավորումները ներկայացնելուց և մոնիթորինգ իրականացնելուց հետո կտրամադրվի վարկի 2-րդ փուլը` 15,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով: ՀՀ Տավուշի մարզից էլ ստացված «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով ակնկալվող 10,0 մլն դրամ վարկային միջոցները տրամադրվել են տարեկան 10% տոկոսադրույքով` 14.03.2017թ-ին կնքված պայմանագրի հիման վրա:
Միաժամանակ, Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից 2017 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակում նախատեսվում է 5,0 մլն ՀՀ դրամը տարեկան 4% տոկոսադրույքով տրամադրել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի
«Սիրիահայերի աջակցության ծրագրի» շրջանակներում, իսկ 10 մլն ՀՀ դրամը` «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ վարկավորման հաշվին` տարեկան 11% տոկոսադրույքով:
Արագածոտնի մարզի ««Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնում և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում» ներդրումային ծրագրով ակնկալվող 300,0 մլն ՀՀ դրամը նախատեսվում է տրամադրել տարեկան 12% տոկոսադրույքով և 3% սուբսիդավորմամբ (վարկի առաջին 2 տարվա համար): Նույն մարզում «Էկոտուրիզմի և հանգստյան գոտու հիմնում` «Էկոմյունիթի»» ծրագրի իրագործման նպատակով` ներկայումս ընթանում են էկոթաղամասի համար նախատեսված 4,0 հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակության փոփոխության գործընթացները:
Շիրակի մարզի «Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում» ծրագրի իրագործման նպատակով էլ ներկայումս ընթանում են «Բասենի Գովք» ՍՊԸ-ին անհատույց սեփականության իրավունքով Գյումրի քաղաքի նախկին Շիրակ հյուրանոցի շինության և հողամասի նվիրատվության գործընթացները:
Մնացած 5 ներդրումային ծրագրերի մասով ընթանում են դրանց ֆինանսական գործիքների և մեխանիզմների աջակցության ուսումնասիրության գործընթացները: