Բաժիններ՝

ԵՄ ծրագրով հայկական ստարտափները պատրաստվում են դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլին

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ Աղվերանում ապրիլի 8-9-ը տեղի ունեցավ հանդիպում՝ տեխնոլոգիական նորարարությունները կյանքի կոչելու համար դրամաշնորհ տրամադրելու նպատակով նախատեսված մրցույթի երկրորդ փուլին ընդառաջ:

Մրցույթի առաջին փուլում 40 ստարտափներից ընտրվել է 24-ը: Մայիսի 5-9-ը նախատեսված Վենչուրային համաժողովի ժամանակ մրցույթի երկրորդ փուլով 24 ընկերություններից լավագույնները կարժանանան դրամաշնորհի:

ԵՄ նախաձեռնած ծրագրով նախատեսված է ոչ ավելի, քան 18 դրամաշնորհ՝ նորարարական առաջարկներ և տեխնոլոգիական նախագծեր ներկայացրած կազմակերպություններին: Նախատեսվում է հատկացնել 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով դրամաշնորհներ՝ առավելագույնը՝ 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար, իսկ գիտական և տեխնոլոգիական ձեռնարկատիրության ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհների մրցույթի շրջանակում կհատկացվի մոտ 10 դրամաշնորհ՝ մինչև 15.000 եվրոյի չափով, առավելագույնը՝ 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

Մրցույթի երկրորդ փուլին ստարտափների նախապատրաստության նպատակով նորարարությունների հեղինակներին իրենց խորհուրդները փոխանցեցին ձեռնարկատիրության զարգացման և ներդրումների ոլորտում հայտնի միջազգային և տեղացի մասնագետները, որոք վերջին օրերին ակտիվ աշխատում են ստարտափների հիմնադիրների հետ:

Կարդացեք նաև

Նիդեռլանդներում գործող, ինտերնետի, մոբայլ էփլիքեյշընների, խաղերի ոլորտում բիզնես սկսելու հավակնությունները կյանքի կոչելու հարցերում մասնագիտացած Crosspring ընկերության ներկայացուցիչ Մորիս Բեքանդ Վերվին ստարտափների հիմնադիրներին հետաքրքրող հարցերի շրջանակներում քննարկեց հաջողակ և կայուն բիզնես սկսելու մեթոդները և անհրաժեշտ պայմանները:

<Հայկական շուկան իսկապես ինքնին շատ փոքր է, այդ պատճառով շատ ընկերությունների դեպքում օժանդակության կարիք կա, որպեսզի աճեն միջազգային չափանիշերին համապատասխան»,- նշեց Մորիս Բեքանդ Վերվին՝ վերահաստատելով, որ 2 ամիս առաջ ինովացիոն առաջարկները լսելուց հետո հայկական 1 ստարտափում ներդրում կատարելու փաստը հիմք է տալիս շարունակել ներդրումները նաև իրեն հետաքրքրող այլ ստարտափներում:

Իսպանական Սալամանկա քաղաքում հիմնադրված Siliconseeds ընկերության ներկայացուցիչ, բիզնեսի զարգացման ռազմավարական հարցերի խորհրդատու Ջեզուս Լոզանոն ևս հետաքրքրված է Հայաստանում ձեռներեցության և ներդրումային դաշտով:

Ջեզուս Լոզանոն ստարտափների հաջողության համար կարևոր համարեց ոչ միայն ֆինանսական ներդրումները, այլև «Բիզնես-հրեշտակ» («Business Angel» հնարավորությունների կիրառմամբ ստարտափների գործունեության անհրաժեշտ պլատֆորմ ձևավորելը:

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի խորհրդատու, ծրագիրն իրականացնող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Պիեռ Պրիևիչը ստարտափների հաջողության հասնելու ճանապարհը համարեց մարքետինգի գլխավոր բաղադրիչներին պատշաճ տիրապետելու հմտությունը: Պիեռ Պրիևեչի նախաձեռնությամբ տեղի ունեցան մի քանի գործնական աշխատանքներ:

Նա կազմակերպեց մի իրավիճակ, երբ տարբեր ստարտափների հիմնադիրները և ներկայացուցիչներն իրենց գործընկերների և մրցակից ընկերությունների գաղափարները ներկայացրին նրանց փոխարեն: Ստարտափների ներկայացուցիչների համար այս տարբերակն օգտակար էր գործընկերների առաջարկներին առավել խորությամբ տիրապետելու և շահերի ընդհանրության դեպքում համագործակցության եզրերի հստակեցման իմաստով:

Սլավոնական համալսարանի ռեկտորի խորհրդական, ստարտափների գիտության (startup science) իր փորձն ուսանողներին փոխանցող Համբարձում Քաղկեցյանը ստարտափների ներկայացուցիչներին մարքետինգի գլխավոր բաղադրիչների կարևորությունը բացատրելով՝ նշեց միջազգային չափանիշերով ընդունելի աշխատաոճի ուղղությունները, առաջարկը կամ արդեն պատրաստի արտադրանքը շուկայում արդյունավետ ներկայացնելու նրբությունները: Համբարձում Քաղկեցյանը փոխանցեց նաև Սիլիկոնային հովտում իր գործունեության փորձը բիզնեսի կազմակերպման մտածելակերպի, արտադրանքի նախատիպի մշակման և մի շարք այլ կարևոր ոլորտների վերաբերյալ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարևոր համարեց ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներդրումը:

«Մենք IT–ում ունենք լուրջ զարգացումներ: Այժմ ԵՄ-ի հետ քննարկում ենք՝ արդյո՞ք կարող ենք տեխնոլոգիական մյուս ոլորտի՝ ճարտարագիտության մեջ նույն մոդելը կիրառել»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս