Բեքչյանը խոստացել է Մարսելից վերադառնալուց հետո հրապարակել Աթեշյանի նամակը
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտնել է, որ Մարսելից վերադառնալուց հետո կհրապարակի պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը լքելուց հրաժարվող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` իրեն հանձնված նամակը: Այս մասին Բեքչյանը խոսել է «Ակոս» պարբերականին տված
հարցազրույցում:
«Ապրիլի 12-ին վերադառնում եմ: Վերադառնալուն պես կհրապարակեմ նամակը: Բացի այդ, կգրեմ նաև դրա մասին իմ գնահատականը»,-հայտնել է նա:
Պատասխանելով հարցին, թե ինչու չի մնում պատրիարքարանում, Բեքչյանն ասել է.
«Աթեշյանից երկու բան խնդրեցի` իջևանելու տեղ և գրասենյակ իմ աշխատանքների, հանդիպումների համար: Աթեշյանն ասաց, որ գրասենյակ չի լինի: Ես էլ չցանկացա մնալ
պատրիարքարանում»:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ապրիլի 6ին պատրիարքարանում տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ հանդիպումից հետո նրան էր ներկայացրել պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ իր առաջարկները ներառող նամակը: Բեքչյանը հանդիպումից հետո հրապարակել էր հանդիպման մանրամասները: