Բաժիններ՝

«Մաքսայինում և հարկային մարմիններում վերտիկալ մակարդակում կաշառակերություն չկա». Գագիկ Մակարյան

ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, թե առաջին եռամսյակում նախատեսվածից 11.5 մլրդ դրամ ավելի հարկ է հավաքագրվել և հարկահավաքության  ծրագրի գերակատարման արդյունքում ստացված լրացուցիչ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին:

Թե ինչի՞ շնորհիվ է կառավարությանը հաջողվել այդքան ավելի հարկ հավաքել, այն էլ՝ գործարարության տեսանկյունից տարվա համեմատաբար պասիվ ժամանակաշրջանում, 168.am-ը հետաքրքրվեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից:

«Դրանք 2 աղբյուրից են, առաջինը` մի փոքր ավելի լավ են հավաքվում հարկերը, որովհետև, եթե նախկինում կար ստվեր, կոռուպցիան ավելի ակտիվ էր, հիմա ստուգող մարմիններն այդ ճանապարհով չեն գնում, թե՛ մաքսայինում և թե՛ հարկային ծառայություններում բավականին էֆեկտիվ են աշխատում, վերտիկալ մակարդակում կաշառակերություն չկա, հորիզոնական մակարդակում դեռ մնում է տեսուչների շրջանում»,- ասաց Գ.Մակարյանը` հավելելով, որ դա տարածվելու է, և այդտեղ գումարների ավելացման տեղ կա:

Հարկահավաքության ավելացման երկրորդ գործոնը, ըստ Մակարյանի, տնտեսական ակտիվությունն է, որ ՌԴ-ում իրադրության բարելավման շնորհիվ մեզ մոտ էլ է բարելավվել:

Թե ի՞նչ արդյունք կտա այդ լրացուցիչ գումարները կապիտալ ծախսերին ուղղելը, Գ.Մակարյանը նշեց, որ տնտեսությունը կարիք ունի նախ՝ ենթակառուցվածքների, որ տարբեր աջակցող մեխանիզմներ ձևավորվեն, որ բիզնեսը հեշտ ու արագ աշխատի: Տարողունակության, ենթակառուցվածքների խնդիր կա, և կապիտալ ծախսերը կարող են արդյունավետ լինել: Բայց կան կապիտալ ծախսեր, որ բիզնեսի վրա կարող են ուղղակի, անուղղակի ձևով ազդել կամ ընդհանրապես չազդել: Կախված է, թե ինչ ոլորտներում և ինչ նպատակով կծախսեն գումարները, բոլորի՞ համար օգտակար կդառնա, թե՞ ոչ բոլորի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս