
ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտեր դեռ չի ստացել

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար քաղաքական որևէ ուժ այս պահի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ չի ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Կենտրոնանական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: «Այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաս տաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել: Քաղաքական ուժերը մինչև ապրիլի 9-ը, ժամը 18:00-ն կարող են դիմել հանձնաժողով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար»,- ասաց Հարությունյանը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են իշխող Հանրապետական կուսակցությունը և «Ելք» դաշինքը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ «Ելք» դաշինքի ցուցակը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական վերածնունդ»-ը, ՀՅԴ-ն և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել են, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: