«Որդուս կորստի մտքի հետ հաշտվել ու համակերպվել ոչ մի կերպ հնարավոր չէ». ասում է Արցախում զոհված Վահե Զաքարյանի հայրը
«Վահեն բանակ չգնալու հնարավորություններ շատ է ունեցել, բայց նախընտրել է բանակ գնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2016 թվականի ապրիլին Արցախում զոհված զինծառայող Վահե Զաքարյանի հայրը՝ Սամվել Զաքարյանը։
Նա նշում է, որ 9 տարեկանից Վահեն զբաղվել է սպորտով. «Կարատեի է գնացել։ Հաճախել է թիվ 10 միջնակարգ, հետո՝ ավագ դպրոց, ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, Հայաստանի որոշ մրցումներում եղել է Հայաստանի եռակի չեմպիոն, հետո մասնակցել է 2012 թվականին աշխարհի մրցումներին Լեհաստանում։ 2014 թվականին հրավիրվել է Չեխիա՝ մասնակցելու աշխարհի մրցումներին, բայց հրաժարվել է ու գնացել բանակ՝ պատճառաբանելով, որ բանակի հարցը հետաձգվում է։ Այսինքն՝ նախընտրել է բանակ գնալ»։
Սամվել Զաքարյանի խոսքով՝ Վահեի հայրենասիրությունը ձևավորվել է ընտանիքում. «Որդիս պապիկին չի տեսել, բայց իմ պատմելով իմացել է, թե ինչպես են ծնողներս Ադրբեջանից տեղափոխվել Հայաստան։ Ես այդ ժամանակ եղել եմ 6-7 տարեկան, ու տեղափոխվել ենք զուտ նրա համար, որ ծնողներս ցանկացել են Հայաստանում ապրել։ Հնարավորություն են ունեցել Ռոստով կամ Մոսկվա գնալ՝ մեր հարազատների մոտ, բայց նախընտրել են Հայաստանը։ Հրազդան ենք տեղափոխվել։ Այս ամենը պատմել եմ Վահեին, ու երևի մեջը տպավորվել է, թեև հայրենասիրության մասին զրույցներ չենք ունեցել։ Ես ժամանակին փոքր բիզնեսներ եմ ունեցել ու միշտ օգնություններ էինք ուղարկում Հայաստան Կրասնոյարսկից։ Հետո, երբ ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, մեկ տարի մնալուց հետո Վահեն որոշեց վերադառնալ Հայաստան, ես էլ չկարողացա իրեն մերժել։ Այդպես քույրերի հետ տեղափոխվեցին Հայաստան, և քանի որ ես ու կինս աշխատանքի բնույթով չէինք կարող գալ, 4 տարի առանց մեզ ապրեցին»։
Հոր խոսքով՝ Վահեն քույրերի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել. «Մեծ քրոջ ամուսնությունից հետո միջնեկ աղջկաս հետ ապրեց մոտ 2 տարի։ Քույրերն առանց իրենց եղբոր իմացության ոչ մի քայլ չէին անում՝ չնայած նրան, որ տարիքով փոքր էր։ Շատ ծանրակշիռ, կշռադատված, թասիբով, ընկերասեր տղա էր։ Իր բնույթով շատ փակ էր, չէր ուզում ոչ մեկին նեղություն տալ, եթե անգամ իր մեջ կար որևէ բան, որն անհասկանալի էր, աշխատում էր իր ձևով այդ հարցերը կարգավորել, չէր ուզում մեզ նեղություն տալ։ Բայց եթե հարց էր լինում, սկզբում քույրերի հետ էր խորհրդակցում, հետո զանգում էր ինձ ու ասում, թե ուզում է այսինչ բանն անել։ Ինչ-որ տեղ իմ աղջկա ապագայի հետ կապված էլ էր ինձ խորհուրդներ տալիս. միջնեկ աղջկաս դեպքում առաջարկեց չխանգարել, թողնել, որ իր ընտրած վայրում ամուսնանա։ Մենք չէինք ուզում, որ աղջիկս Մոսկվայում ամուսնանա, բայց Վահեն ասաց, որ այդպես լինի, ասաց՝ ես ինքս կգամ, կտանեմ այնտեղ, ամեն ինչ կկարգավորեմ… բայց չստացվեց։ Ես Վահեի խոսքի տերն եղա, անձամբ աղջկաս տարա Մոսկվա ու ամուսնացրի»։
Ծնողները Վահեի հետ վերջին անգամ հեռախոսազրույց ունեցել են 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 13։15-ին. «Նա չէր ուզում ասել, որ նման գործողություններ են, ասաց, թե գնում են պոլիգոններ, կարող է չկարողանա զանգել, կապերը լավ չեն։ Երբ իմացա, որ Վահեի հրամանատարները զոհվել են, պատկերացրի, որ շատ լուրջ է վիճակը։ Ամսի 4-ին մենք Հայաստանի ճանապարհին էինք, գնում էինք օդանավակայան, որ գանք տուն, մեկ էլ զանգեցին ու ասացին, որ սենց բան է եղել, բայց համոզված չենք, որ Վահեն է…»։
Ս. Զաքարյանի խոսքով՝ որդին երբեք որևէ բանից չի դժգոհել. «Սկսած դպրոցից՝ վերջացրած ուսանողական և բանակի կյանքով»։
«Մենք իր մոտ եղել ենք դեպքից 6 ամիս առաջ։ Ես 3 ամիսը մեկ գալիս-գնում էի Վահեի մոտ։ Նեղվում էր, ասում էր՝ էդքան մի եկեք, իմաստը ո՞րն է, նորմալ ծառայություն է։ Ընդհանրապես դժգոհություն հասկացությունը իր մոտ բացառված է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ Վահեն միշտ ասում էր, թե իր համար ծառայությունը կարևոր է, քանի որ հետագա աշխատանքի համար զինգրքույկ է անհրաժեշտ։ «Շատ նպատակներ ուներ, որոնց մասին հետո իմացանք, բայց արդեն ուշ էր…»,- ասաց Վահեի հայրը։
Հերոսի հայրը խոստովանում է՝ ավելի լավ է՝ որդու հերոսական արարքը չլիներ, բայց նա իր կողքին լիներ. «Այդ մտքի հետ հաշտվել ու համակերպվել ոչ մի կերպ հնարավոր չէ։ Կապ չունի՝ միջավայրում մեզ ոնց ենք դրսևորում, ոնց ենք պահում, բայց այդ ցավը մեր մեջ միշտ էլ կա ու կմնա»։