Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախկին նախագահը հարցաքննվել է

Հարավային Կորեայի դատախազության քննիչները ապրիլի 8-­ին կրկին հարցաքննել են երկրի նախկին նախագահ Փակ Կըն Հյեին, ով ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալին ներգրավվածություն ունենալու մեղադրանքով: Այդ սկանդալը հանգեցրել էր նրա իմպիչմենթին և իշխանությունից հեռացման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

Փակ Կըն Հյեն պահվում է քննչական մեկուսարանում, նրա բանտարկման նախնական ժամկետը դատարանը երկարաձգել է մինչև ապրիլի 19­-ը: Նախորդ հարցաքննությունների ժամանակ նախկին նախագահը հերքել է բոլոր մեղադրանքները:

Փակ Կըն Հյեն մեղադրվում է կաշառակերության և կոնֆիդենցիալ տեղեկությունն իր ծանոթին` Ցոյ Սուն Սիլին հաղորդելու մեջ: Հենց վերջինս էլ համարվում է կոռուպցիոն սկանդալի գլխավոր մեղադրյալը: Ցոյ Սուն Սիլը, չզբաղեցնելով պետական պաշտոններ, խառնվել է նախագահական ադմինիստրացիայի գործերին և իր կապերն օգտագործելով օգուտ է ստացել:

2016 թվականի դեկտեմբերի 9-­ին Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը Փակ Կըն Հյեին իմպիչմենթ է հայտարարել: Սահմանադրական դատարանը մարտի 10­-ին հաստատել է նախկին նախագահին իշխանությունից հեռացնելը: Նա դարձել է Հարավային Կորեայի երրորդ նախագահը, ով նախագահությունից հետո հայտնվել է բանտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս