«Ժողովրդին ասել՝ գնացին՝ ծախվեցին, էս արեցին, էն արեցին, չի կարելի. նայեք ինքներդ ձեզ». սոցիոլոգ

Սոցիոլոգ Սամվել Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց, որ մարդկանց 80%-ը, մոտ 10 տարի է՝ մտածում է, որ քաղաքական գործիչները մտածում են ավելի շատ իրենց կուսակցական առաջնորդների, քան ժողովրդի մասին.

«Նույն մարդիկ մտածում են, որ պետությունն ավելի շատ մտածում է հարուստների, քան աղքատների մասին, նրանք ասում են, որ Հայաստանի զարգացմանը խոչընդոտում են հիմնականում ամենահարուստները, սա նշանակում է, որ այդ 80 տոկոսն իրեն օտարված է զգում պետությունից ու վերնախավից։ Այդ օտարումը տարբեր ձևերով կարող է արտահայտվել։ Ժողովուրդը համոզվել է, որ բողոքի ցույցերն ավարտվում են ոչնչով։ Բոլոր նրանք, ովքեր առաջնորդում են այդ ցույցերը, կեսից հետ են կանգնում՝ ստանալով ինչ-որ բան, իսկ ժողովուրդը մնում է մենակ։ Ժողովուրդը մեջքով է շրջված վերնախավերին»։

Սոցիոլոգի խոսքով՝ մարդկանց մեծամասնությունը երբ ընտրություն է կատարում, թե ում տա իր ձայնը, առաջնորդվում է 4 գործոնով.

«Ի՞նչ է խոսք տալիս տվյալ գործիչը կամ կուսակցությունը, կառավարման ի՞նչ փորձառություն ունի, ինչքա՞ն փող ունի, և չորրորդ՝ իր շրջանի՞ց է, թե՞ ոչ։ Դրանից կախված՝ որոշում են՝ ձայն տա՞լ, թե՞ ոչ»։

Ըստ սոցիոլոգի՝ քաղաքական գործիչներից ով ինչ կարողանում՝ այն էլ խոստանում է. «Խոստումները լինում են բանավոր, որն անվանում են ընտրակաշառք, և գրավոր՝ նախընտրական ծրագիր։ Բայց մարդիկ շատ լավ գիտեն, որ այդ խոստումները չեն իրականացնում։ Սա նշանակում է, որ հավատալ խոսքերին՝ ռացիոնալ չէ, պետք է հավատալ այն գործերին, որը կատարում են այսօր և հիմա։ Դա կուսակցությունները մեկնաբանում են՝ ի օգուտ իրենց, թե՝ տեսեք՝ փող բաժանեցին, այս արեցին. դուք էլ եք նույնն անում, խոստումներ եք բաժանում, որը վերջին հաշվով նույնն է։ Ժողովուրդը ռացիոնալ է վարվում։ Ժողովուրդը մտածում է՝ եթե դուք առևտրի մեջ եք, մենք էլ ենք առևտրի մեջ։ Սա կարճատև մտածելակերպի ռացիոնալ ընտրությունն է։ Այդ պատճառով ժողովրդին ասել՝ գնացին՝ ծախվեցին, էս արեցին, էն արեցին, չի կարելի. նայեք ինքներդ ձեզ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս