«Սա ցույց է տալիս, թե ինչ մթնոլորտում են անցնում ընտրությունները, և ինչ հրահանգ են ստացել իշխանության ներկայացուցիչները». Արմեն Մարտիրոսյանը՝ լրագրողների վրա հարձակման մասին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակով առաջադրված, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խիստ դատապարտեց Երևանի Կոնդ թաղամասում «Ազատություն» ռադիոկայանի և «araratnews.am» կայքի լրագրողների վրա հարձակման դեպքը։

Կոնդում, հիշեցնենք, թղթակիցները բռնության էին ենթարկվել, երբ փորձել են արձանագրել, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ և դուրս գալիս՝ ձեռքներին գումար: Շտաբում գտնվող անձինք պարզաբանել են, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցից շտաբում գտնվող մի խումբ անձինք խլել են հեռախոսը, սկսվել է քաշքշուկ, թղթակիցն աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել: Իսկ դրսում գտնվող կանայք խլել են «araratnews.am»-ի թղթակցի տեսանկարահանող սարքը և քաշքշել նրան։

«Միանշանակ սա ցույց է տալիս, թե ինչ մթնոլորտում են անցնում ընտրությունները, և ինչ հրահանգ են ստացել իշխանության ներկայացուցիչները, որովհետև, եթե հրահանգ ստանային, որ՝ նորմալ ընտրություն եք անցկացնում, որևէ դեպքում որևէ բռնություն չէր լինի լրագրողների նկատմամբ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ այն, որ ժամը 15-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, դա Հայաստանի համար նույնիսկ շատ-շատ է. «Առանց դա էլ, մինչև քվեարկությունը գործընթացն օրենքից դուրս էր, որովհետև ընտրությունը միայն քվեարկությունը չի, այն էլ՝ ընտրատեղամասում։ Ընտրությունն ամբողջ գործընթացն է, իսկ «Իրազեկ քաղաքացիների» բացահայտումը խոսում է այն մասին, որ դա օրենքից դուրս գործընթաց է։ Ադմինիստրատիվ ռեսուրսի այդօրինակ ապօրինի օգտագործումն ամբողջ պրոցեսն օրենքից դուրս է անում, չհաշված՝ ծեծուջարդերը, դանակահարությունները, կրակոցները»։

 

Տեսանյութեր

Լրահոս