«Այս պահի դրությամբ ընտրական գործընթացները գնում են նորմալ, ժողովրդավարական հունով». Շարմազանով

«ՀՀԿ-ն գտնում է, որ ապրիլի 2-ի քվեարկության գործընթացն ընթանում է բնականոն հունով, նորմալ գործընթաց է տեղի ունենում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ ինքը նաև կապ է հաստատել միջազգային դիտորդական առաքելության որոշ ներկայացուցիչների հետ, և նրանք «միաբերան» պնդում էին, որ այն մեխանիզմը, որ ներդրվել է ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, հնարավորություն է տալիս, որպեսզի նախկինում եղած այն չարաշահումները, խնդիրները, որոնք ստվեր էին գցում ընտրական գործընթացի և կոնկրետ քվեարկության օրվա վրա, այսօր չկան:

«Եղել են նաև տարբեր կուսակցություններից, դիտորդական կազմակերպություններից որոշակի ահազանգեր, որոնք բաժանում ենք երկու մասի՝ օբյեկտիվ ահազանգեր, որից հետո, բնականաբար, թե՛ Ոստիկանությունը, թե՛ ԿԸՀ-ն, թե՛ Դատախազությունը շատ օպերատիվ արձագանքել են, չի եղել ու չի լինելու որևէ ահազանգ, որոնց պատկան մարմինները չարձագանքեն: Պետք է նաև ցավով նշեմ, որ եղել են ահազանգեր, և դրանք շատ մեծ տոկոս են կազմում, որոնք չակերտավոր ահազանգեր են ու նպատակ ունեն ստվեր գցելու ընտրական գործընթացի վրա: Երբ այդ ահազանգերի հետևից գնում են իրավապահ մարմինները, դրանց մեծ մասը տեսնում էինք, որ ահազանգերի փաստեր չկան: Այս պահի դրությամբ ընտրական գործընթացները գնում են նորմալ, ժողովրդավարական հունով»,- նշեց Շարմազանովը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս