Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 970 հաղորդում

02.04.2017թ. ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970 հրապարակում: Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ուսումնասիրված հրապարակումներից 131-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 131 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Նշված 131 հաղորդումներից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 26-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 23-ը՝ ուղղորդման, 15-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 11-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 8-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին:

Տեսանյութեր

Լրահոս