«Չզարգացած հասարակությունը համապատասխան իշխանություն կընտրի». Ռուբեն Բաբայան

Վաղ առավոտից մեկնարկել են Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրությունները: Ի՞նչ կտան այս ընտրությունները մեզ, ի՞նչ ակնկալիքներ կապել ընթացող ընտրությունների և դրանց արդյունքների հետ:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում չցանկացավ բացել փակագծերը՝ ում օգտին է տվել իր ձայնը, սակայն ընդգծեց.

«Ես մեծ նշանակություն եմ տալիս այն ամենին, թե ինչ պետք է կատարվի մեր կյանքում ընտրություններից հետո, բայց չեմ կարծում, որ այդ ամենն անպայմանորեն պետք է կապված լինեն հենց ընտրությունների հետ, որովհետև այն, ինչ ես տեսա քարոզարշավի մեկ ամսվա ընթացքում՝ հասարակության արձագանքի և մոտեցման սկզբունքների առումով, չեմ կարող ասել, որ ինձ շատ ոգևորեց: Ես կարծում եմ, որ մենք խնդիր ունենք քաղաքակրթական արժեքային համակարգի ընտրության հետ:

Ես կարծում եմ, որ ընտրություններն ազատ և արդար են՝ պայմանավորված ոչ թե նրանով, որ ընտրվում է լավագույնը, այլ՝ որովհետև մենք տեսնում ենք (երբ դա արդար ընտրություն է) հասարակության նախընտրությունների ռեալ պատկերը: Ես կարծում եմ որ, մենք կարիք ունենք նայելու հայելու մեջ: Արդար ընտրությունները դրա համար են պետք: Մենք կարող ենք ընտրության պարագայում և սխալվել, բայց պետք է հասկանանք, որ դա մեր սխալն է եղել, այլ ոչ՝ մեզ պարտադրված ընտրություն»:

Թե ի՞նչ արդյունքներ են մեզ սպասվում ժամեր անց՝ պարտադրված սխալների՞, թե՞ սեփական ընտրության, Ռուբեն Բաբայանը դժվարանում է պատասխանել.

«Ես համոզված եմ՝ այն ընտրությունը, որ ես եմ կատարել, հավակնություն չունի մեծամասնություն լինելու, բայց սա որևէ բան չի նշանակում ինձ համար: Ես չեմ կարծում, որ մեծամասնությունը միշտ ճիշտ է: Կարծում եմ՝ բոլոր դեպքերում քաղաքակրթական այն փոքրամասնությունը, որի մի մասն եմ ես կազմում, ևս իրավունք ունի իր ներկայացուցիչներն ունենալու՝ բարձրաձայնելու այն կարևորագույն խնդիրների մասին, որի կիսողն եմ ես»:

Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ռեժիսորը վերադարձել է աշխատավայր և, ինչպես ամեն օր, այսօր ևս զբաղված է առօրյա խնդիրներով՝ ներկայացումներ, փորձեր և այլն: Ընտրությունները, ըստ Ռուբեն Բաբայանի, մեր երկրի համար կարևոր և անհրաժեշտ միջոցառումներ են, բայց ոչ գլոբալ փոփոխությունների երաշխիք: Դրանք ինքը տեսնում է կրթության զարգացման մեջ:

«Չզարգացած հասարակությունը համապատասխան իշխանություն կընտրի,- ասում է պարոն Բաբայանը և հավելում,- Գիտե՞ք՝ ես ինչի կողմնակիցն եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ներկայի և ապագայի հանդեպ, թող անպայման մասնակցեն ընտրություններին, և հակառակը, բոլոր նրանք, ովքեր անտարբերների ճամբարում են, թող որ չմասնակցեն, որովհետև մեր ողջ ցավը նրանից է, որ շատ հաճախ մեր կյանքում վճռորոշ դեր են կատարում հենց այդ անտարբերների «ընտրության» արդյունքները»:

Տեսանյութեր

Լրահոս