Պիկեն՝ ընդդեմ «Ռեալի». Հակամարտությունը լարվածության էպիկենտրոնում է
Համաշխարհային մարզական մամուլը այսօր կրկին սկսեց խոսել կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեի և մադրիդյան «Ռեալի» հակամարտության մասին:
Պիկեն իրեն բնորոշ արտահայտություններ էր արել՝ նշելով, որ մադրիդյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգայում խաղից դուրս խփած գոլի շնորհիվ: Բացի այդ Պիկեն նշել էր,որ ապրիլի 23-ին «Սանտիագո Բերնաբեուում» կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակ մարզադաշտի օթյակում լինելու է պետական դատավոր Մարտա Սիլվան, քանի որ նրա որոշումներով որակազրկվել էին Նեյմարն ու Մեսսին:
Պիկեի խոսքերն այնքան տարածվեցին, որ իսպանական մամուլը գրեց անգամ, որ մադրիդցիները որոշել են դատի տալ Պիկեին՝ պատճառաբանելով, որ ֆուտբոլիստն անցել է սահմանները և զրպարտում է մադրիդցիների ղեկավարությանը:
Սակայն մադրիդյան թիմից հերքել են այս խոսակցությունները՝ նշելով, որ Պիկեին և իր թիմակիցներին կտեսնեն և նրանց կպատասխանեն ապրիլի 23-ին:
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները հեգնանքով հարցրել են, թե ո՞վ է Պիկեն՝ նշելով, որ չեն ուզում օգնել նրան արհեստական ճանաչվածություն ձեռք բերելու ճանապարհին:
Այս հակամարտությունը ամենաքննարկվող թեմաներից մեկն է սոցիալական ցանցերում: Երկրպագուները նշում են, որ Պիկեն չպետք է մեկնի Մադրիդ, քանի որ կարող է այնտեղից անգամ չվերադառնալ:
Սիրարփի Աղաբաբյան