Բաժիններ՝

ՀՀ դատախազությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-­ին առաջարկել է տրամադրել ընտրակաշառքի դեպքերի մասին տեղեկատվությունը

ՀՀ գլխավոր դատախազությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին առաջարկել է փոխանցել իր հայտարարած՝ ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպքի մասին տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Սույն թվականի մարտի 29-­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել էր. «Հակակոռուպցիոն կենտրոնը Հանրապետության 12 քաղաքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սույն թվականի մարտի 13-­ից 24-­ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք: (…) Կաշառք են բաժանել կամ խոստում են տվել հանրապետականներն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները: Գրանցվել են նաև ճնշումների, սպառնալիքների 9 դեպք»:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 20.01.2017թ­-ից. ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մարտի 29-­ի դրությամբ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել են 45-­ը: Նշված 45 հրապարակումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ` դրանցով ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, որի արդյունքում 45 հրապարակումներից 40­ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են: Նշված 45 հրապարակումներից 37­-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն, 8-­ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և իրավապահ մարմինների կողմից համապատասխան գնահատականի արժանացած դեպքերի և Վ. Հոկտանյանի կողմից հրապարակված դեպքերի համադրման, դրանց վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարված չլինելու դեպքում այդպիսիք նախաձեռնելու և համապատասխան գնահատականի արժանացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելու առաջարկով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս