
«Մենք հող տվող չենք, մենք հող գրավող ենք». Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր խաղաղության հանրահավաք ու երթ կանցկացնի

Այսօր Երևանի Ազատության հրապարակում ժամը 18։00-ին կսկսվի Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական հանրահավաքը, որը կավարտվի խաղաղության երթով։ Դեռևս պարզ չէ՝ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ հանրահավաքին, թե՞ ոչ։
Երեկ դաշինքի անդամները քարոզչություն են իրականացրել Սիսիանում։ Դաշինքի թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը սիսիանցիներին ներկայացրել է խաղաղության ծրագիրը, ասել, որ արժանապատիվ խաղաղության հաստատումը կնպաստի մեր տնտեսության վերելքին, ներգաղթի աճին, ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը։ Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանի լիարժեք զարգացումն ապահովելու համար պետք է լուծենք ներքին խնդիրները և չեզոքացնենք ներքին սպառնալիքները:
«Դա նշանակում է՝ անցկացնել արդար ընտրություններ, արմատախիլ անել այս կոռուպցիան, այս թալանը»,- ասել է Դեմիրճյանը։
Նրա խոսքով՝ պետք է պատասխանատվության ենթարկել թալանչիներին, բյուջե վերադարձնել թալանված միջոցները և հաստատել օրինականություն։ Ըստ նրա՝ արդարացում չունի այն, որ աղքատության աճի պայմաններում անշեղորեն աճում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկեցությունը, որը Ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված չէ:
Դաշինքի թեկնածու, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը հասել է մի եզրագծի, որից այն կողմ կործանում է սպասվում. «Այն, ինչ եղավ ապրիլին, գոնե սիսիանցիներն իրենց մաշկի վրա զգացել են։ Սիսիանը միշտ եղել է առաջնագծում»։
Վ.Խաչատրյանը հայտարարել է, որ պետք է մեկ օր առաջ խաղաղության պայմանագիրը ստորագրվի. «Մեզ մեղադրում են, ասում են՝ դուք հող տվող եք: Մենք հող տվող չենք, չենք էլ եղել, մենք հող գրավող ենք»։
Վ.Խաչատրյանը վստահեցրել է, որ իրենք այն ուժն են, որը Հայաստանն ուզում է տեսնել ազատ, Հայաստանի քաղաքացիներին՝ բարեկեցիկ։