«Գործարարության մեջ փայմտոցին է տիրում մեր երկրում». Սեյրան Օհանյան
«Այս վայրը հայ ժողովրդի համար զարթոնք ապահովող վայր է, և մենք, ձեզ հետ միասին, այդ զարթոնքը ևս մի անգամ պետք է ապահովենք ապրիլյան այս օրերին»,- այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա՝ հերոս է մեր ժողովուրդը, որ այս դժվարին պայմաններում կարողանում է հասնել հաջողությունների և ապահովել դանդաղ առաջընթացը։ Նա ամոթ համարեց տնտեսության ներկա իրավիճակը, արտագաղթը, և այլն։
«Պատրա՞ստ ենք մենք զարթոնքի, թե՞ ոչ»,- հարցադրում արեց նախկին նախարարը՝ նշելով, որ կերտելու են կառավարման նոր համակարգ, որ ժողովրդին կտանի պայծառ ապագա։
Օհանյանը դիմեց ոչ միայն հրապարակում հավաքված ժողովրդին, այլև ողջ հայությանը՝ վստահել փորձված մարդկանց և նոր փորձությունների չենթարկվել, չվստահել նրանց, ովքեր չեն ապահովել և չեն ապահովելու մեր հայրենիքի առաջընթացը. «Մենք պատրաստ ենք, ձեզ հետ միասին, և՛ ինքնամաքրվելու, և՛ կատարելագործվելու, և՛ դրականը հաշվի առնելով, հենվելով դրա վրա՝ վճռական քայլերով զօր ու գիշեր ապահովել այն առաջընթացը, որ ձեզանից յուրաքանչյուրը պետք է զգա։ Դրա համար ձեզ հետ միասին պետք է զօր ու գիշեր չարչարվենք, տանջվեք, որպեսզի հետագայում դուք համարձակ կանգնեք մեր առջև և, մեր աչքերի մեջ նայելով՝ ասեք՝ ինչի՞ եք հասել»։
Ս.Օհանյանը խոսեց Վրաստանի օրինակի մասին, համեմատություն անցկացրեց երկու երկրներում կատարված ներդրումների միջև. «Գործարարության մեջ փայմտոցին է տիրում մեր երկրում»։ Նա խոստացավ, որ գնալու են դեպի հաղթանակ և զգալու են հաղթանակի բերկրանքը։
Ս.Օհանյանի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները երթ սկսեցին՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա-Ազատության հրապարակ ուղիով։
Ի դեպ, և՛ հանրահավաքի, և՛ երթի ժամանակ ամուսնուն ուղեկցում է Ռուզաննա Խաչատրյանը։