«Ապրիլի 2-ին «Հայկական Վերածնունդը» կունենա ծանրակշիռ հաղթանակ». Արթուր Բաղդասարյան

««Հայկական Վերածնունդը» կլինի այն քաղաքական ուժերի թվում, որն ապրիլի 2-ին կունենա ծանրակշիռ հաղթանակ, ես դրանում համոզված եմ։ Այդ վստահությունը գալիս է իմ 25 օրերի ընթացքում ունեցած հանդիպումներից, մենք ամեն տեղում ենք ուժեղ։ Իմ բոլոր հանդիպումներին գնում եմ իմ մեքենայով, իմ հետևից ավտոբուսներ չեն գալիս, մեքենաներ չեն գալիս, ու բոլոր տեղերում մենք կարողացել ենք ձևավորել ամուր, մրցունակ թիմ, ովքեր մեզ հետ միասին պայքարում են, ովքեր հավատում են, որ Հայաստանում ինչ-որ բան պետք է փոխվի»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը կաղում է ինչպես՝ տարածաշրջանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում, դրա համար իրենց թիմն առաջարկում է փոփոխություններ. «Որոշ ուժեր մարդկանց ցուցակագրում՝ ողորմություն են բաժանում, մարդկանց վատ են վերաբերվում։ Նրանց հետաքրքրում է պատգամավոր դառնալը. 5 տարին մեկ գալիս՝ փողը տալիս ու դառնում են պատգամավոր»։

Բաղդասարյանը հավելեց, որ  իրենց առաջարկած նախընտրական ծրագրի 30 քայլը կփոխի Հայաստանը. «Հայաստանում հասունացել է փոփոխություններ անելու անհրաժեշտությունը»։

Ամփոփելով խոսքը՝ նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց վստահում են, և կոչ արեց ներկաներին՝ մյուսներին էլ բացատրել ու ներկայացնել իրենց ծրագրերը։

Տեսանյութեր

Լրահոս