«Դեռևս սեպտեմբերին ինձ ասել են, որ Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է մնալու մինչև ապրիլյան ընտրությունների ավարտը». փաստաբան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վստահված անձինք՝ Անահիտ Թարխանյանը և Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ընտրական գործընթացի եզրափակիչ փուլի մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեցին անազատության մեջ գտնվող 4-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համար ստեղծված պայքարի անհավասար պայմաններին:
Ա. Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նկատում է՝ առանց որևէ հիմնավորման և պատճառաբանության՝ դատարանն արդեն 10-րդ ամսվա համար երկարաձգել է Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը.
«Այս ողջ ընթացքում գործով հետաքրքիր ապացույցներ են ձեռք բերվել, որոնց վրա, սակայն, նախաքննական մարմինը աչք է փակում: Անգամ ոստիկաններից մի քանիսն առերեսման ժամանակ հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից՝ դրանով իսկ հաստատելով, որ նույն Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Գևորգյանը և Անդրիաս Ղուկասյանը ոչ թե հրահրողն են եղել հայտնի անկարգությունների, այլ 180 աստիճանով հակառակն են արել, ինչում իրենց մեղադրում են՝ անելով ամեն ինչ, որպեսզի ոստիկանական սադրիչների կողմից իրականացված սադրանքները չիրականանան: Ի՞նչն է զարմանալին, որ դեռևս սեպտեմբերին ինձ ասել են, որ Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է մնալու մինչև ապրիլյան ընտրությունների ավարտը՝ զրկելով նրան արդյունավետ քարոզչություն իրականացնելու հնարավորությունից»:
Ա. Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նաև նշեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել դատարանին, որպեսզի Անդրիաս Ղուկասյանը՝ որպես պատգամավորության թեկնածու, ասուլիսի ֆորմատով հանդիպում ունենա լրագրողների հետ, սակայն այս միջնորդությունը ևս մերժվել է:
Վերջինս այն համոզմունքին է, որ Անդրիաս Ղուկասյանին պարզապես արգելափակել են, և նա, փաստորեն, որևէ տարբերակով հասանելիություն չունի դեպի ընտրազանգվածը՝ օրենքով նախատեսված քարոզարշավի իրականացմանը պատշաճ կերպով մասնակցելու համար: Այնինչ, ըստ բանախոսի, հուլիսյան դեպքերի բերումով կալանավորված 8 անձանցից միայն «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյանի և Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ է, որ անհայտ պատճառաբանություններով չի կիրառվում նույնիսկ գրավի միջնորդությունը:
Ասուլիսի մասնակից, ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, նկատեց՝ ճնշումները տարածվում են ոչ միայն անհատապես, անձի՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, այլև ավելի քան 20 տարի առաջ վերջիններիս կողմից հիմնադրված «Ռադիո Հայ» ռադիոընկերության նկատմամբ, որի վերջերս փոխված սեփականատերն առանց որևէ հիմնավորման՝ ցանկություն է հայտնել խզելու հիմնադիրների հետ համագործակցության պայմանագիրը: Անահիտ Թարխանյանը վստահ է՝ այս ամենն արվում է Անդրիաս Ղուկասյանի ձայնը հնարավոր բոլոր մեթոդներով խլացնելու համար:
ՕՐՕ դաշինքի ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վստահված անձ Արմեն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ նույնիսկ անազատության պայմաններում Անդրիաս Ղուկասյանը փորձում է հրապարակային հոդվածներով խոսել ընտրողների հետ, որի արդյունքը կալանավայրից ուղարկված հրապարակային հոդվածներն են՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հիմնախնդրի հարցերի շուրջ:
Տեղեկացնենք, որ անազատության մեջ գտնվող պատգամավորության թեկնածու Անդրիաս Ղուկասյանի քարոզարշավի իրականացումն իրավական տեսակետից հնարավոր է կազմակերպել՝ համաձայն Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի առաջին մասի, որը սահմանում է՝ թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի դիտարկման՝ Անդրիաս Ղուկասյանը պատշաճ քարոզչություն իրականացնելու, գոնե լրագրողներին հանդիպելու և իր խոսքը փոխանցելու հնարավորությունից կամային ձևով զրկված է: