
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչն իր դեմ զենքով սպառնալիքների մասին կեղծ տեղեկություն էր հայտնել՝ քարոզարշավից դուրս գալու նպատակով. Ոստիկանություն

ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանի հայտարարությունն այն մասին, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ոստիկանությունը.
Ոստիկանության հրապարակած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է
«Մարտի 25-ին Պատվական Պոդոսյանը ոստիկանությունում բացատրություն է տվել այն մասին, որ մարտի 24-ին, ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 6ա հասցեի դիմաց սև գույնի «ՎԱԶ-21015» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան փակել է իր վարած «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, մեքենայից իջած մուգ ակնոցով, չսափրված անհայտ անձը, նստելով իր ավտոմեքենայի հետևի նստատեղին, ատրճանակը կողքից հանելով՝ դրել է իր գլխին և սպառնալով պահանջել, որ ինքը ընտրություններից հեռու մնա, ինչից հետո իջնելով մեքենայից՝ նստել է նշված «ՎԱԶ-21015»-ը ու հեռացել: Պատվական Պոդոսյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնացույց է արել դեպքի վայրը և այն երթուղին, որով հեռացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, Էջմիածին քաղաքում առկա տեսանկարահանող սարքերի զննության արդյունքում Պատվական Պոդոսյանի կողմից նկարագրված երթուղում «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենա չի հայտնաբերվել։
Նշված հակասության շուրջ լրացուցիչ բացատրություն է վերցվել Պատվական Պոդոսյանից, որը հայտնել է, որ իր հաղորդմամբ և բացատրությամբ նկարագրված հանգամանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը. այդ ամենն ինքը ծրագրել է քարոզարշավից դուրս գալու և չմասնակցելու նպատակով»:
Ոստիկանությունը նաև կոչ է անում ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին անհիմն ու չստուգված տեղեկատվությամբ թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: