Ի՞նչ գույք է հայտարարագրել Սեյրան Սարոյանը

ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանն անցած տարի եկամուտ է ստացել միայն Ազգային ժողովից։ Ամեն դեպքում դա է վկայում ԿԸՀ ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Որպես աշխատավարձ՝ նա ԱԺ-ից ստացել է 6.8 մլն դրամ։

Գեներալ-պատգամավորը խնայողություն է իրականացնում միայն դրամով, և փետրվարի վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5.5 մլն դրամ։ Միաժամանակ Սարոյանը «Սարկոպ» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ի 33% բաժնետերն է։

Հարուստ է Սարոյանի անշարժ գույքի ցանկը, այդ թվում՝ աշխարհագրորեն։ Պատգամավորի թեկնածուն Ուկրաինայի Օդեսայի մարզում ունի երկհարկ բնակելի տուն (454.41 քմ)՝ տնամերձով (0.1783 հա), ՌԴ Սոչի քաղաքում՝ բնակարան (106.95 քմ), ՌԴ Լենինգրադի մարզի Վսելովոժսկ քաղաքում՝ բնակելի տուն (108.3 քմ) և տնամերձ հողամաս (0.07 հա), ՀՀ Էջմիածին քաղաքում՝ հողամաս (0.08 հա), 2 բնակելի տներ (906.8քմ և 1022.3 քմ)՝ տնամերձ հողամասերով (0.185 հա և 0.5 հա), նաև հողին ամրակայված այլ գույք՝ 581.1 քմ, ևս 1 բնակարան Էջմիածնում (71.1 քմ), Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում՝ տնամերձ հողամաս (0.14 հա) և գյուղնշանակության հողատարածք (0.7 հա), Երևանում 2 հողատարածք Ազատության պողոտայում (0.2244 հա և 0.1909 հա)։

Սարոյանը հայտարարագրել է միայն 1 ավտոմեքենա՝ 2006 թ. արտադրության «Համեր H2»։ 8 մլն դրամը գերազանցող արժեքով որևէ իր նա չի նշել։

Տեսանյութեր

Լրահոս