Ալեքսան Պետրոսյանը եկամուտ է ստացել միայն Ազգային ժողովի՞ց
ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) իր դրամական միջոցները գերադասում է պահել հայրենի արժույթով։ ԿԸՀ ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ թեկնածուի դրամական միջոցներն այս տարվա փետրվարի 27-ի դրությամբ կազմել են 67 մլն 450 հազար դրամ։ Պետրոսյանը՝ որպես եկամտի աղբյուր, նշել է միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը՝ գրեթե 6.4 մլն դրամ, թեև նա նշել է նաև «ՄԱՊ» ՓԲ ընկերությունում իր բաժնետոմսերի մասին՝ 97.072%։ Ուշագրավ է, որ, ի տարբերություն ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ որպես պատգամավոր Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Պետրոսյանը նշել է նաև իր ընկերությունից ստացած եկամուտը՝ գրեթե 42 մլն դրամ։
Պետրոսյանն ունի 2 բնակելի տուն, մեկը՝ Երևանում (915 քմ), մյուսը՝ Արմավիրի Բամբակաշատ համայնքում (238 քմ)։ Արմավիր քաղաքում նա ունի հասարակական տարածք (77.7 քմ), իսկ Լենազի, Բամբակաշատ, Արտամետ, Տալվորիկ և Մայիսյան համայնքներում՝ գյուղատնտեսական հողատեսքեր (ընդհանուր՝ 130.25 հա)։
Ա.Պետրոսյանը հայտարարագրել է միայն 20 տարեկան 1 ավտոմեքենա՝ «Մերսեդես 320S»։ 8 մլն դրամը գերազանցող արժեքով որևէ իր թեկնածուն չի նշել։