«Առաջիկայում հրապարակելու ենք նաև այն չինովնիկների անունները, որոնք զբաղված են ցուցակների հավաքագրմամբ». Դանիել Իոանիսյան
«Խոսելով օրեր առաջ հրապարակված ձայնագրությունների մասին, պետք է հասկանանք, որ մենք գործ չունենք ընդամենը 114 վատ տնօրենի կամ արջի ծառայություն մատուցողի հետ, մենք գործ ունենք համակարգի հետ, որովհետև տնօրենների մեծ մասը տվել են հստակ վարչական մարմինների անուններ, որոնք փոխանցել են ցուցակը։ Հաճախ նշել են՝ կոնկրետ չինովնիկների անուններ։ Երևանում այդ ցուցակները փոխանցել են թաղապետարաններ, մարզերում՝ մարպետարաններ, գյուղապետարաններ»,- այսօր կազմակերպված «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը։
Նա նշեց, որ առաջիկայում հրապարակելու են նաև այն չինովնիկների ցուցակը, որոնք դպրոցների տնօրենների խոսքերից դատելով՝ զբաղված են ցուցակների հավաքագրմամաբ. «Բայց սա դեռ ամբողջական պատկերը չէ, քանի որ մենք զանգել ենք միայն 136 տնօրենի, որոնցից 114-ն ընդունել է, որ զբաղված են այդ գործով։ Մենք զանգել ենք հիմնականում քաղաքային հեռախոսահամարներին։ Պատահական ընտրված 136 տնօրենից 80%-ը զբաղվել է ցուցակների հավաքագրմամբ, այնպես չէ, որ այն 20%-դրանով զբաղված չէ, ուղղակի երևի գլխի են ընկել։ Մենք զանգել ենք միայն աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, այնինչ ՀՀԿ-ն ասում է, թե աշխատանքից դուրս տնօրենները կարող են զբաղվել քարոզչությամբ»։
Իսկ ՀՀԿ-ի այն պնդմանը, թե միայն իրենց են մեղադրում, մյուս ուժերի մասին խոսք չկա այդ հրապարակման մեջ, Դանիել Իոանիսյանն այսպես արձագանքեց. «Հազար ներողություն, էլ ո՞վ ունի վարչական ռեսուրս։ Վարչական ռեսուրս կարող է չարաշահել այն ուժը, որն ունի դա։ Մեզ կարող են մեղադրել, որ չենք ուսումնասիրել նաև Դաշնակցությանը, քանի որ նրանք էլ ունեն վարչական ռեսուրսներ»։