Հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստան-Ղազախստան խաղի մասին
Հայաստան-Ղազախստան խաղում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակի մասին են խոսել ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արսեն Բեգլարյանը, Մարկոս Պիզելին, Գաել Անդոնյանը, Արաս Օզբիլիսը, Տիգրան Բարսեղյանը և Հենրիխ Մխիթարյանը:
Հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը նշում է, որ շատ ուրախ է հաղթանակի համար և հաղթանակը ամենակարևորն է: Անգամ եթե հաշիվը 10-9 լիներ, միևնույնն է, նա շատ ուրախ կլիներ հաղթանակի համար:
«Եթե մենք մտածեինք, որ մրցակիցը ուժեղ չէ, ապա հաջողության չէինք հասնի: Մրցակիցը ուժեղ էր, սակայն մենք շատ տրամադրված էինք խաղում: Մենք ուսումնասիրել էինք նրանց խաղը և, ճանաչելով նրանց, ցույց տվեցինք մեր խաղը»:
Արսեն Բեգլարյանը կարևորում է երկրպագուների աջակցությունը՝ նշելով, որ երբ երկրպագուները աջակցում են, անգամ մեկ րոպեով հնարավոր չէ կտրվել խաղից:
Հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը նշում է, որ շատ ուրախ է վերադառնալ հավաքական՝ Մոնտենեգրոյի հավաքականի դեմ խաղը բաց թողնելուց հետո:
«Ես չեմ ցանկանում խոսել նախորդ վատ խաղերի մասին, վատ դրվագները անցյալում են, ցանկանում են նայել ապագային, որը խոստանում է հաջողակ լինել»:
Խոսելով մրցակցի մասին՝ Անդոնյանը նշում է, որ Ղազախստանը ունի լավ հավաքական, և այդ հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում էին խաղալ անգամ 10 հոգով մնալուց հետո: Գաելը նշում է, որ միայն պետք է շնորհավորել այդ հավաքականին, քանի որ նրանք արժանի մրցակիցներ են:
Մարկոս Պիզելին նշում է, որ թիմը ուրախ է ոչ միայն հաղթանակի համար, այլև այն բանի համար, որ 90 րոպե խաղաց լավ ֆուտբոլ:
«Կարմիր քարտից հետո ավելի հեշտ էր, բայց դա չի նշանակում, որ դրանից առաջ մենք վատ էինք խաղում:
Մենք շատ հասարակ էինք խաղում, այդպես միշտ ընկեր Պետրոսյանն է ասում: Նա շատ լավ գիտի մեր պոտենցիալը և միշտ ասում է մեզ, որ մենք պետք է հավատանք մեր պոտենցիալին, դրա համար էլ այսօր ամեն ինչ շատ լավ ստացվեց»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարկոս Պիզելին Հայաստան էր եկել ծնողների հետ: Մարկոսը նշում է, որ իր ծնողների ներկայությունը շատ կարևոր էր իր համար և ուժ տվեց իրեն:
«Ես շատ էի ցանկանում նրանց բերել Հայաստան և կցանկանամ կանչել նրանց ամեն խաղին: Ես ուզում եմ, որ նրանք Հայաստանում լինեն, քանի որ բոլորն էլ գիտեն՝ ինչքան կարևոր է Հայաստանն ինձ համար»:
«Ես աշխատում եմ, աշխատում եմ և կրկին աշխատում եմ, սա միակ բանն է, որ կարող եմ անել ես»,- նշում է Արաս Օզբիլիսը: Ֆուտբոլիստը նշում է, որ սա շատ կարևոր հաղթանակ էր, ինչի համար ինքը շատ ուրախ է: Ֆուտբոլիստը շատ է կարևորում երկրպագուների աջակցությունը և նշում է, որ թիմն ուներ դրա կարիքը:
Խոսելով ակումբում իր խաղի մասին՝ Արասը նշում է, որ ամենից կարևոր է այն, որ ինքը ցանկանում է խաղալ և կարևոր չէ՝ դա կլինի իր ներկայիս ակումբում, թե մեկ այլ տեղ: Արասի խոսքով՝ ինքն անընդհատ աշխատում է և դա է պատճառը, որ նա մարզավիճակում է ՝ չնայած չի խաղում իր ակումբում:
Խաղի առաջին իսկ րոպեին Հայաստանի հավաքականը հարկադրված փոփոխության կարիք ուներ: Վնասվածք ստացած Գևորգ Ղազարյանին փոխարինեց Տիգրան Բարսեղյանը: Ֆուտբոլիստը լրագրողների հետ զրույցում նշում է, որ խաղի առաջին րոպեներին կային դժվարություններ, քանի որ նա պատրաստ չէր խաղադաշտ մտնել և արել էր միայն նախախաղային թեթև նախավարժանք, սակայն մի քանի րոպե անց ամեն ինչ կարգավորվեց:
«Փառք ու պատիվ մեզ ու մեր երկրպագուներին, որ այ կարևոր օրը մեր կողքին էին: Միշտ էլ կարևոր են երկրպագուների վանկարկումները, աջակցությունը, քանի որ դրա շնորհիվ երկրորդ շնչառություն է բացվում»,-նշում է Բարսեղյանը:
Սիրարփի Աղաբաբյան