Կարեն Կարապետյանի խոսքով՝ դատաիրավական համակարգի խնդիրներն ամենալավը զգում են հենց ներդրողները
Հայաստանի հանրապետական կուսակցության համար դատաիրավական համակարգը չափազանց կարևոր է: Մարտի 24-ին Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շեշտեց, որ դատաիրավական համակարգի հիմնական խնդիրներն առավել ակնհայտ են դառնում ներդրումների և բիզնեսի հետ կապված հարցերում:
«Ամենապրագմատիկ խավը, որը շատ հետաքրքիր հոտառություն ունի և զգում է՝ երկիր գնալ, թե չգնալ, ներդրողն ու բիզնեսմենն է: Ոչ ոքի չեմ ցանկանում նեղացնել, սակայն իրենք իրենց մաշկի վրա համակարգի թուլություններն անմիջապես զգում են: Նույնիսկ եթե շահութաբերությունը շատ մեծ է, ներդրողը չի գնում այնտեղ, որտեղ դատաիրավական համակարգի հանդեպ թերահավատություն կա: Մենք մեր համալիր ծրագրում դրա մասին էլ ենք խոսել, այդ համակարգում ունենք բազմաթիվ խնդիրներ: Հերթով լուծելու ենք: Ինչ օրենք էլ մենք գրենք, եթե դատաիրավական համակարգը չպաշտպանի, օրինակ, սեփականատիրոջ իրավունքը, խնդիրներ կլինեն»,- շեշտեց ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս համատեքստում համակարգային բարեփոխումների խնդիրներին: «Ես` որպես վարչապետ, իմ խնդիրը տեսնում եմ առաջին հերթին այնպիսի համակարգ կառուցելու մեջ, որում անհատ կառավարչի վատ լինելը մաքսիմալ կամորտիզացվի, իսկ արդյունավետ լինելը մաքսիմում կբազմապատկվի: Այն երկրները, որտեղ նման համակարգ է ներդրված, հասել են արդյունքների: Համենայն դեպս բոլոր համակարգերում կա անհատի դերը: Ցանկանում եմ՝ ստեղծենք այնպիսի համակարգ, որ որոշ տարիներ անց մեր քաղաքացիները մոռանան, թե ով է իրենց համայնքապետը, վարչապետն ու քաղաքապետը, որովհետև համակարգն աշխատում է, իսկ անհատին վստահելը յուրաքանչյուրի գործն է»,- ամփոփեց վարչապետ Կարապետյանը: