
«Մենք չափազանց պետք է ուշադիր լինենք այնպիսի իրադարձությունների հանդեպ, որոնք կարող են մեր երկիրն ապակայունացնել»

«Մենք այսօր ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունենք։ Մենք շատ դեպքերում իրարից կարող ենք նեղանալ ու այնպիսի՜ հարցերի վրա աժիոտաժ սարքել, բայց մենք չափազանց պետք է ուշադիր լինենք այնպիսի իրադարձությունների հանդեպ, որոնք կարող են մեր երկիրն ապակայունացնել»,- այսօր դավթաշենցիների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով` երկիրը ճիշտ զարգանալու համար մեր զինվորական հրամանատարներն իրենց գործն արել են, պետք է քաղաքացիական հրամանատարներն իրենց գործը կատարեն. «Մի բան հստակ է` մեր քաղաքացիական հրամանատարներն ունեն զինվորական հրամանատարների հանդեպ պարտք, որը փոխհատուցել է պետք»։
Վարչապետի խոսքով` երջանիկ երկրների մեջ որևէ անգամ չի մտել նավթի, գազի բնական պաշարներ ունեցող երկիր, այլ մտել են այն երկրները, որոնք ունեն ստեղծագործ մարդիկ։
«Գրքերից մեկում կարդացել եմ, որ դա կոչվում է ռեսուրսային անեծք։ Չեմ ասում` լավ է, որ մենք բնական ռեսուրսներ չունենք, բայց մեր ամենամեծ պոտենցիալը մարդն է»։
Պետպատվերների մասին խոսելով` վարչապետն ասաց, պետք է այնտեղ էլ ռադիկալ փոփոխություններ անել։ Գերակա շահի վերաբերյալ էլ նշեց, որ դա ամբողջ աշխարհում կա ու առանց դրա քաղաքները չեն զարգանա. «Դա չի նշանակում, որ մեր քաղաքացու շահը պետք է ոտնահարենք, բայց գերակա շահ ամենուր կա»։