«Դաշինք կազմելու խնդիր էլ չի լինելու, մենակ վերցնելու ենք, մենակ հաղթելու ենք». Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի

«Ես էս անգամ գիտեմ, որ դաշինք կազմելու խնդիր էլ չի լինելու, մենակ վերցնելու ենք, մենակ հաղթելու ենք, մենք մեր ծրագրերն էլ իրականություն ենք դարձնելու։ Նրանք փրփրուրներից են ընկել, ինչ-որ մի քիչ տոկոս հավաքեն, որ խորհրդարան մտնեն»,- այսօր Արարատ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հերքելով, որ ինքը պատրաստ է 50+1 տոկոս ձայն չհավաքելու դեպքում՝ կոալիցիա կազմել անգամ ՀՀԿ-ի հետ։

Նշելով, որ դա իր որոշելիքն է՝ ում հետ կոալիցիա կազմել, Գ. Ծառուկյանը վստահություն հայտնեց, որ կոալիցիայի կարիք չի էլ լինի։ Ըստ նրա՝ իր դաշինքը խորհրդարան մտնելու խնդիր չունի, ինքը պարտք ունի իր ժողովրդի առջև, իսկ պարտքը ոչ թե բարեգործությունն է, այլ պայման ու հնարավորություն ստեղծելն է, որ մարդիկ ժպիտով, բարեկեցիկ ապրեն. «Ու իմացեք՝ կյանքում ամենալավ գործը ես եմ կատարել, որ կարողանամ դա պարգևեմ ձեզ»։

Մասիսում քարոզարշավի ժամանակ Գ. Ծառուկյանն այսօր հայտարարեց, որ իրենից ամենուր փրկություն են խնդրում։

«Պատրաստ եմ փրկելու, ավելի լավ անելու»,- ասաց նա՝ օրինակ բերելով Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ ճիշտ կառավարման շնորհիվ հասել են նրան, որ ամբողջ աշխարհն այնտեղ է ներդրում անում։ Ըստ Ծառուկյանի՝ պետք է մարդու գրպանին նայել և ըստ «գրպանի» հարկել։

Տեսանյութեր

Լրահոս