«Պետք էր նախ պարզել, թե ո՞րն էր Սամվել Բաբայանի նպատակը». Գուրգեն Եղիազարյան

«Սամվել Բաբայանի վերջին պատմությունը հերթական ֆարսերից մեկն է։ Ընդունենք ամենավատ տարբերակը՝ Սամվել Բաբայանն ինչ-որ մեկի հետ խոսել է, որ ձեռք բերի «Իգլան»։ «Իգլան» մեզ ցույց տվեցի՞ն։ Այն, ինչ մեզ ցույց տվեցին, զենք չէր, պարկուճ էր, ընդամենն «Իգլայի» 2/3-ն էր։ Դա նշանակում է, որ այս ամենն առոչինչ է, որովհետև այդ զենքը փորձաքննություն չի անցել, որ հետո անցնենք Սամվել Բաբայանին, թե ինչո՞ւ էր ձեռք բերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ ավելոցնելով, որ պետք էր նախ պարզել, թե ո՞րն էր Սամվել Բաբայանի նպատակը.

Բանախոսի դիտարկմամբ՝ Կարեն Կարապետյանն այսօր քարշ է տալիս սարսափելի ուղևորներով լոկոմոտիվ.

«Աշոտյանն էլ, մաշոտյանն էլ հետևը նստած են էդ վագոնի, բայց էլի համարձակ գնում է, ճակատը բաց խոսում է։ Դուք էլ գնացեք՝ խոսեք։ Բայց չէ, սրան բռնենք, նրան բռնենք։ Ահաբեկչական խումբը բռնեցիք, ի՞նչ արեցիք։ 31 հոգու բռնեցիք, ի՞նչ արեցիք։ Կես տարի է՝ դատարանում չեք իմանում՝ տակից ոնց դուրս գաք»։

Եղիազարյանի խոսքով՝ Վահան Շիրխանյանին էլ հիվանդ վիճակում տանում են հարցաքննության ու ինչ-որ բաներ գրել տալիս. «Մենակ Աստված գիտի՝ եսիմ ում վրա եք ցուցմունք վերցնում էդ հիվանդ մարդուց։ Էդ մարդուն մահամերձ վիճակում պահում եք, որ «Հաց բերողի» օրը գցեք։ Ինչի՞ հասաք։ Հիմա էլ Սամվել Բաբայանի հերթն է հասել»։

ԱԱԾ պետի նախկին տեղակալը նկատեց՝ առաջին անգամ է տեսնում, որ օպերատիվ աշխատանքը համեմեն լրատվությամբ.

«Մի հատ նախապես ասում են՝ պատրաստվում է «Սասնա ծռեր 2»-ը.  տո՜,  գետինը մտնեք դուք՝ ձեր լրատվությամբ, ձեր կեղծիքներով։ Արա՜, հո դուք կրկեսի անդամ չե՞ք, էս ի՞նչ եք անում։ Ժողովրդին դրել եք էշի տե՞ղ։ Նախապես պատրաստում եք, հա՞, կալանքը, տմարդի։ Դրա փոխարեն, երբ մարտնչում էր Արցախում, գնայիք՝ կողքին կանգնեիք, չփախչեիք, հիմա էլ ընկել եք ազգային հերոսի հետևից»։

Գուրգեն Եղիազարյանը նորից անդրադաձավ «Հաց բերողին» և ասաց, որ նա սրբացվում է իշխանությունների մեղքերի պատճառով.

«Ասում եք՝ «Հաց բերողի» տեղեկանքը՝ Պարկինսոնի հիվանդության վերաբերյալ (Արթուր Սարգսյանը («Հաց Բերող») տառապում էր Բեխտերևի հիվանդությամբ.- Ռ.Մ.), 16 տարվա է, տո անամոթներ, ինչի՞ մասին եք խոսում, Պարկինսոնի հիվանդությունը չբուժվող հիվանդություն է։ Պարկինսոնով հիվանդը հավասարազոր է ոտքը կտրած մարդուն։ Ու ձեր արդարադատության նախարար՝ էն սառցե դիցուհին, ասում է, որ 16 տարվա տեղեկանք է եղել։ Պետք է բռնեիք, որովհետև ձեր շեֆի աթոռին վտանգ էր սպառնացել այդ «Հաց բերողը»»։

Տեսանյութեր

Լրահոս