
«ՀՀԿ ծրագիրն իրատեսական է և բխում է ժողովրդի շահերից». Տարոն Մարգարյան

Այսօր Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը հայտարարեց՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի եկել խոստումներով, եկել է հստակ կատարած աշխատանքով և պատասխանատվությամբ:
Նրա խոսքով՝ ՀՀԿ ծրագիրն իրատեսական է և բխում է ժողովրդի շահերից. «Այն տեսլականը, որ ՀՀԿ-ն ունի, մենք բոլորս հավատում ենք: Մենք չենք եկել խոստումներով, մենք եկել ենք հստակ կատարած աշխատանքով, ստեղծել ենք այն ծրագիրը, որը մեր ժողովրդին տանում է դեպի բարեկեցիկ կյանք, մեր երկիրը տանում է դեպի անվտանգություն, բարեփոխումներ և առաջընթաց»։
Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ շենգավիթցիները միշտ եղել են ՀՀԿ-ի կողքին, միշտ վստահել են ՀՀԿ-ին, որովհետև, ըստ նրա՝ ՀՀԿ-ն երբևէ չի խուսափել պատասխանատվությունից. «Մենք պատասխանատվություն ենք կրել բոլոր ձեռքբերումների և անհաջողությունների համար, որոնք եղել են մեր երկրում։ Հետևաբար՝ կոչ եմ անում քվեարկել ՀՀԿ-ի պրոֆեսիոնալ թիմի օգտին, որն ունի անցած ճանապարհ և տեսլական»: