«Ժամկետային զինծառայության մասին օրենք մշակեք, որ հանցանք կատարած մարդը կարենա կաշառքով ազատվի». Սևանցու պահանջը Ծառուկյանից
«Ես ուզում եմ նորմալ ընտրություն կատարեմ։ Եթե ես ընտրում եմ իմ նախընտրած թեկնածուին, մեխանիկորեն ձայն եմ տալիս դրա կուսակցությանը։ Եթե ես ընտրում եմ կուսակցությունը, ես մեխանիկորեն ձայն եմ տալիս կամ մեծամասնականին, կամ համամասնականին, չգիտեմ՝ ինչ ա կոչվում, իմ չուզած մարդուն։ Հիմա ես ո՞նց ընտրություն կատարեմ»,- այսօր Սևանում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի դիմեց Գագիկ Ծառուկյանին։
Սևանցին դժգոհեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արգելքներ է սահմանել Ծառուկյանի համար. «Հիմա ես էս բարձր ամբիոնից ասում եմ՝ Մուկո՛ւչ, ընենց արա, որ ես գնամ իմ ուզած մարդուն ընտրեմ, մեկ էլ իմ ուզած կուսակցությանն ընտրեմ»։
«Էդ ո՞նց ա ըլնում, որ մեր ժամկետային զինծառայողները հայրենիքին ունեցած պարտքը տալու ժամանակ ոչ մի բան չեն անում, մեկ էլ հանկարծ վերջին 6 ամսում մարդասպանություն արին, հանցագործություն արին, էդ ո՞նց ա լինում»,- հարցրեց սևանցին ու խնդրեց ժամկետային զինծառայության մասին օրենք մշակել և բոլոր պատժատեսակները ցածրացնել, որպեսզի «հանցանք կատարած մարդը կարենա կա՛մ կաշառքով ազատվի, կա՛մ պատասխան տալով ազատվի դրանից»։
«Ո՞նց՝ կաշառքով տալով»,- տարակուսեց Ծառուկյանը։
«Չակերտների մեջ եմ ասում»,- պարզաբանեց քաղաքացին։
«Հասկացա, հասկացա»,- ասաց Ծառուկյանն ու շարունակեց իր ճառը։
Նա բացատրեց, թե ինչպես պետք է ընտրել, ու ասաց, թե կարելի է «առանց գրիչ ընտրել»։ Նա կոչ արեց, որ, եթե անգամ թեկնածուն շատ լավ մարդ է, ձայն տան այն կուսակցությանը, ում հավատում են։
Ըստ Ծառուկյանի՝ պայմանները ստեղծված են, որ արդար ընտրություն լինի։ Նա խորհուրդ տվեց՝ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին չմերժել, ասել, որ հենց նրանց են ընտրելու, բայց ընտրել այն կուսակցությանը, որը կարող է բան փոխել. «Սխալ որոշման դեպքում 5 տարի նույնն ա լինելու, սիրելի՛ ժողովուրդ»։