«Բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու». Կարեն Կարապետյան
«Նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագրի կազմման նոր մեթոդաբանությունը: Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին վարչապետը հանձնարարեց 1-ամսյա ժամկետում վերանայել համապատասխան ծրագրերը՝ քննարկումներում լիարժեք ներգրավելով համայնքների բնակիչներին, 3-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների զարգացման 5-ամյա լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ քննարկում կազմակերպել կառավարությունում:
Կ.Կարապետյանը կարևորեց համայնքների ղեկավարների ու մարզպետների կրթումը. «Գերմանական կառավորության հետ իրականցվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել: Ամերիկյան համալսարանի հետ արդեն, կարծեմ, կնքել ենք պայմանագիր, բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»: