Սիրիահայ երիտասարդները հնարավորություն ունեն սովորել 3Ds MAX ծրագիրը և հեշտությամբ գտնել աշխատանք

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը սիրահայ երիտասարդների համար իրականացնում է 3Ds MAX ծրագրի դասընթաց:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլյա Հարությունյանը նշում է, որ դասընթացը մեկնարկել է մարտի սկզբին և տևելու է 3 ամիս:

«Հատուկ մշակված ծրագիրը և անհատական մոտեցումը հնարավորություն կընձեռի սիրիահայ երիտասարդներին լիարժեք տիրապետել 3Ds MAX ծրագրին, հեշտությամբ գտնել աշխատանք, ինչպես նաև ստացած գիտելիքն ու ստեղծագործական պոտենցիալը կիրառել իրենց աշխատանքներում»,- նշում է Էմիլյա Հարությունյանը:

Ծրագրի իրականացման համար հատուկ ընտրվել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որը 2011թվականից ի վեր մասնագիտացած է ՏՏ ոլորտի, դիզայնի, բիզնեսի դասընթացների/սեմինարների կազմակերպման ոլորտում, ունի պրոֆեսիոնալ դասախոսական կազմ և հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Ուսումնական գործունեության հետ համատեղ՝ կենտրոնն իրականացնում է նաև արդի գիտահետազոտական աշխատանքներ ծրագրային ապահովման սարքավորումներով զինված լաբորատորիայում` ներառյալ ՊԱՐԱՄ գերհամակարգիչ, իրականացնում է բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայով (ԲԱՀՏ) հետազոտություններ:

Դասընթացը կազմակերպվել է Սիրիահայերի տնտեսական ինտեգրման ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Գերմանիայի տնտեսական միավորման և «Սիրիահայերի Միություն» հ/կ-ի հետ համատեղ:

Նշենք նաև, որ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս