Կարեն Կարապետյանը 2017-ը հայտարարել է չորս գործառույթների տարի
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ը հայտարարել է չորս գործառույթների տարի` խնդիրների ախտորոշման, սանիտարիզացիայի, պետական կառավարման բարեփոխումների սկզբի և կայունացման տարի: Այս մասին Կարապետյանը հայտարարեց Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այս չորս գործառույթները չափազանց կարևոր են մեզ համար, որոնց իրականացման պարագայում ստեղծելու ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի 2018-ին ունենանք պարբերական, կայուն, հաստատակամ, առողջ աճ: Չունենք ոլորտ, որտեղ բարեփոխումների կարիք չկա, այդ իսկ պատճառով բոլոր ոլորներում իրականացնելու ենք փոփոխություններ, որոնք արդեն մասամբ սկսել ենք»,- նշեց Կարեն Կարապետյանը:
ՀՀԿ փոխանախագահն այդ փոփոխությունները բաժանեց երեք մասի՝ կառավարման, տնտեսական և սոցիալական ոլորտներ:
«Նկատել եք կառավարման ոլորտում փոփոխությունները կառավարության կազմի մեջ: Մենք փորձել ենք բալանսավորել պատասխանատվությունն ու պարտավորությունները: Մեծ փոփոխություններ են նախատեսվել տարածքային կառավարման ոլորտում»,- շեշտեց Կարապետյանը:
Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ նա նշեց, որ տնտեսական ոլորտում չունենք գերիշխող դիրք ունեցող մատակարար, որի մատակարարման քանակը չի աճել: «Դա բերել է նրան որ Նոր տարվա շեմին չենք ունեցել սպառողական գների աճ, գազի և էլեկտրաէներգիայի գներն ենք նվազեցրել, չորս անգամ նվազեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ստեղծել ենք ֆոնդեր, որոնց միջոցով էժան փող ենք բերելու Հայաստան»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
Կարապետյանը նաև նշել է, որ հետադարձ կապը քաղաքացիների հետ չափազանց կարևոր է իրենց համար: «Այդ բոլոր բարեփոխումները և ծրագրերը եղել են հավակնոտ ու համաձակ, պրագմատիկ և ռացիոնալ, մեծ կամք, նպատակասլացություն և կոշտություն պահանջող»,- ամփոփել է Կարեն Կարապետյանը: