
Արմեն Ամիրյանը ակնկալում է, որ երկրի առաջընթացի համար ընտրողն իր քվեն կտա ՀՀԿ-ին

Հայաստանի կառավարության մշակած յուրաքանչյուր ծրագիր իր հետևում ունի ամիսների քրտնաջան աշխատանք: Նման հայտարարությամբ Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Մենք ծրագրել ենք, թե ինչ ենք անելու ու ինչպես ենք անելու: Կան հստակ ներդրումներ, մարդիկ, ովքեր աջակցելու են այդ ծրագրերին: Այդ ամենին պակասում է ընդամենը ձեր վստահության քվեն: Մենք միասին կարող ենք ստեղծել անվտանգ և դեպի առաջ գնացող երկիր: Մենք ուզում ենք կրել պատասխանատվությունը, մեր երկիրն անվտանգ և առաջ գնացող դարձնելու, պատրաստ ենք կրելու այդ պատասխանատվությունը մեր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Ապրիլի 2-ին սպասում ենք ձեր քվեն, և վստահ եղեք, որ յուրաքանչյուր օր զգալու եք առաջընթաց»,- շեշտեց Ամիրյանը:
Նրա խոսքով` առաջընթացը զգալի է արդեն այս տարվա առաջին երկու ամիսներին ընթացքում` հարկային եկամուտները գրեթե 11 տոկոսով ավելացմամբ: «Սա նշանակում է, որ եթե այս տեմպով մենք շարունակենք, անշուշտ, ձեր վստահության քվեի շնորհիվ, ապա պատկերացրեք, թե տարեվերջին ինչ արդյունքներ ենք միասին արձանագրելու»,- նշեց Արմեն Ամիրյանը: