Եվրոպական հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիրն Արցախի մասին հոդված է հրապարակվել
European Union Foreign Affairs Journal հեղինակավոր ամսագրում (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագիր) հրապարակվել է ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական պառլամենտի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկայի ծավալուն հոդվածը փետրվարի 20-ին Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրում հրապարակած իր հոդվածում, հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Զահորկան նախ մեջբերել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի խոսքը, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո առաջնայնությունը կտրվի Արցախ անվանմանը:
«Ադրբեջանից անջատ 155.000 բնակիչ ունեցող տարածքի քաղաքացիները փետրվարի 20ին քվեարկել են հօգուտ նոր Սահմանադրության: Փոփոխություններից մեկը կլինի նոր անվանումը: Երկու անվանումներն էլ «նույնական են» (հոդված 1 (2) Նոր Սահմանադրություն)»,- նշել է հոդվածագիրը և հավելել, որ Արցախը որևէ երկրի կողմից չի ճանաչվել, թեև այն շատ կապեր ունի Հայաստանի հետ, այդ թվում` արժույթը, ճանապարհային կապը եւ ռազմական աջակցությունը:
Անդրադառնալով հանրաքվեին՝ հեղինակավոր ամսագրի խմբագիրը նշել է, որ այն անցկացվել է ժողովրդավարական կանոններին համահունչ, իսկ կառավարման նախագահական համակարգին անցնումը կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար լիովին արդարացված է: Այս համատեքստում հոդվածագիրն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսի նախաձեռնությամբ կարող է Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկվել:
Հանրաքվեին դիտորդական առաքելությունների մասնակցության առումով հոդվածում նշվում է, որ գործընթացին հետևել են միջազգային դիտորդներ, որոնց շարքում էին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության, Ավստրիական «Ազատական» աջակողմյան կուսակցության պատվիրակությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայից ժամանած միջազգային դիտորդներ։
Արձանագրելով, որ չնայած հանրաքվեին չէին մասնակցում դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպիսիք են՝ օրինակ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Եվրոպայի Խորհուրդը եւ այլն, հոդվածի հեղինակը նշում է. «Դա ապագայում պիտի փոխվի, այնպես որ ընտրության կամ հանրաքվեի գնահատականները պետք է ավելի լուրջ ընդունվեն Եվրոպայում, ինչպես արցախցիներն արդարացիորեն պնդում են, Արցախը պետք է լինի եվրոպական արժեհամակարգում»:
Հոդվածում խմբագիրն ընդգծում է նաև, որ լայնորեն չդիտարկված, սակայն բավականին լավ անցկացված հանրաքվեն (այդ թվում՝ ողջամիտ ընդդիմության մասնակցությամբ) կայացել է Եվրոպայի սահմաններին եւ մեծապես համապատասխանում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների լավ պրակտիկայի վերաբերյալ կանոնագրքով» նախատեսված նորմերին։