Գագիկ Ծառուկյանը պատասխան է պահանջում իրեն պոպուլիզմի մեջ մեղադրողներից

«Այսօր որոշ մարդիկ ասում են, որ պոպուլիզմով ենք զբաղված։ Ես ցանկացած այդ մարդուն հրավիրում եմ բեմահարթակ, որ պատասխանի՝ ինչ ա, ասենք, դրա պոպուլիզմը»,- այսօր Եղեգնաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ներկայացնելով իր ծրագրերը ներդրումների, կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին։

Ըստ նրա՝ եթե որևէ պայման չի ստեղծվում ժողովրդի համար, ներդրումներ չեն արվում, տնտեսական անկում է լինում. «Նախատեսեցին այս տարի 2-3% տնտեսական աճ, որը քիչ է, չնչին է, բայց ասեցին՝ թող քիչ լինի, որ ճիշտ լինի։ Բայց համապատասխան տնտեսական աճը մինիմում 5-7% պետք է լինի, մաքսիմում՝ 10-15%։ 10-15%-ի դեպքում դա կազմում ա մոտավորապես 280, 300 մլրդ, 300 մլրդ-ը դա կազմում ա մոտավորապես 600 մլն դոլար գումար՝ միայն տնտեսական աճը, որը կարելի ա օգտագործել թոշակների համար, աշխատավարձերի բարձրացման համար, ներդրման համար, որ ներդրումը պարտադիր է»։

Խոսելով ուսանողներին ուսման վարձի հարցում աջակցության մասին, որ կարելի է վճարել, հետագայում նրա աշխատավարձից պահումներ անել, Գ. Ծառուկյանը հայտարարեց. «Ես բարդ բաներ չեմ ասում»։

Նա խոսեց բանկային տոկոսադրույքներից, որ 2-5% պետք է լինի, ու հարցրեց, թե ներկա քաղաքացիները քանի՞ տոկոսով են վարկ վերցրել։ Լսելով 30%՝ Ծառուկյանը հարցրեց. «Բա 30 տվողին հարկավոր չի՞ ձեռները կոտրել»։

Տեսանյութեր

Լրահոս