«Ես որտեղ մտնում եմ, ասում են՝ Ծառուկյան ջան, փրկի, Ծառուկյան ջան, փրկի». Գագիկ Ծառուկյանը՝ Սիսիանում

«Միայն ու միայն փրկությունն այդ ծրագրերի մեջ ա։ Անկախ նրանից՝ ով կհաղթի, այդ 15 կետերն օդ ու ջրի պես պետք են ժողովրդին»,- այսօր Սիսիանում քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ եվրոպացի գործընկերներն ուսումնասիրել են և հավանություն են տվել իր գրած ծրագրի 15 կետերին։

Ծառուկյանը կրկին խոսեց թոշակների բարձրացումից, ներդրումներից, աշխատատեղերից, սոցիալական ծանր խնդիրներից, կենսաթոշակային համակարգից։

«Ես որտեղ մտնում եմ, ասում են՝ Ծառուկյան ջան, փրկի, Ծառուկյան ջան, փրկի։ Ծառուկյանն էն իրա սպիտակ կյանքը թողած, եկել ա՝ ծանրության տակ մտնի, ոչ թե պայքարում ա պաշտոնի համար»,- ասաց նա։

Գ. Ծառուկյանի խոսքով՝ ինքն աշխարհով մեկ ճանաչում ու հարգանք ունի, և հայ ազգի պատիվն իր «պահվածքով, մտածելակերպով բարձր է պահել». «Ծառուկյանն աշխարհով մեկ հայ ազգի պատիվն էնքան բարձր ա պահել, որ միշտ դրոշն ա բարձրացվել, հիմն ա հնչել»։

Նրա կարծիքով՝ ժողովրդի վիճակը ծանր է, 9 ուժ է առաջադրվել, մեկը՝ «մորքուրի թոռ ա», մեկը՝ «հորքուրի թոռ ա», բայց պետք է համակարգ փոխել։ Ըստ Ծառուկյանի՝ բոլոր ուժերի ծրագրերն էլ փայլուն են, թվում է, թե Շվեյցարիայում պիտի ապրենք, բայց միայն «մեծ-մեծ խոսում են», պետք է նայել նրանց արած գործերը, մի հատ միջազգային հանդիպում կազմակերպե՞լ են, թե՞ ոչ. «Էս մարդը չի կարում մի տուն պահի, ո՞նց ա խոսում պետության կառավարումից»։

«Կյանքն աստիճան ա, ոչ մեկն իր տեղում չի մնում, մեկը բարձրանում ա, մեկն իջնում ա»,- ասաց Ծառուկյանը։

Նա հայտարարեց, որ այժմ գնում է Սիսիանի սպորտդպրոցը բացելու, որպեսզի երեխաները փողոցից կտրվեն, մարզվեն, կարգին, պինդ մարդիկ դառնան, մեր երկրի պատիվը բարձր պահեն։

Տեսանյութեր

Լրահոս